Անունը՝ Սևակ, ազգությունը՝ հայ, արդյունքը՝ սպանություն

Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործով դատարանի կայացրած վճիռը բուռն արձագանք է առաջացրել: «Մարդու իրավունքների և հալածյալների պաշտպանության միության» (MAZLUMDER) Դիարբեքիրի գրասենյակը հրավիրել է մամուլի ասուլիս և իր բողոքի ձայնը բարձրացրել: Այս  մասին գրում է Էրմենիհաբեր կայքը: 

Սևակի հայրը’ Կարապետ Բալըքչըն, նույնպես մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում: Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո°ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:

Իսկ մայրը’ Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:

«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը’ Սևակ, ազգությունը’ հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում: Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:

Մամուլի ասուլիսին ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է: Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից»:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ ենթասպա Սադրեթին Էրսոզին, ով մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, դատապարտվել է ընդամենը 5 ամիս ազատազրկման:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում