«Քրդական բանվորական կուսակցությունը» աշնանը կլքի Թուրքիայի տարածքը

Քրդական կազմակերպության Եվրոպայի պատասխանատուներից Զուբեյիր Այդարը հայտարարել է, որ « Քրդական բանվորական կուսակցության» անդամները կլքեն Թուրքիայի տարածքը մինչև նոյեմբեր ամիսը:
Այդարը նշել է, որ մինչ աշուն PKK-ի զինված խմբերը դուրս կգան Թուրքիայից:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Դիարբեքիրի հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր քրդեր էին հավաքվել’ տոնելու Նովրուզը, քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ քրդերենով և թուրքերենով ներկայացրել են թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը:

Ուղերձում քուրդ առաջնորդը կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը: Օջալանը նաև նշել է, որ ժամանակն է եղել պայքարը տեղափոխել քաղաքական դաշտ և ժողովրդավարական ձևով լուծել խնդիրները:Սակայն քրդական ընդդիմության շրջանակներում պտտվում է նաև այն լուրը, որ իրականում Օջալանի նամակը գրվել է Էրդողանի աշխատակազմի կողմից , որպեսզի քայլ առ քայլ ձերբազատվեն Թուրքիայի ներքին անվտանգության սպառնալիք հանդիսացող քրդերի ներկայությունից և անջատողական գործունեությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում