Իրականացվում են բնակարանային ապահովման ծրագրերը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության բնակարանային շինարարության ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար։

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ կապահովվի 2012 թ. բնակարանային շինարարության ծրագրով ձեռք բերված և 2013 թ. շահագործման հանձնվող մոտ 1360 բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, վերը նշված 1360 բնակարանների, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված մոտ 2200 բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի, ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման, գնահատման և վերլուծության աշխատանքների իրականացումը։

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ’ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում’ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը’ արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որով նախատեսվում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք երկարաձգել առավելագույնը մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը։ Դրանով իսկ կապահովվեն վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։ Որոշումը չի տարածվում «Սևան» ազգային պարկին ամրացված տարածքների վրա։ Բայց, ինչպես նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Բացի Սևանի ազգային պարկից նաև այլ գոտիների հետ կապված էլ պետք է խնդիրը քննարկվի։ Ինչո՞ւ միայն Սևանի ազգային պարկը, մնացած պահպանվող գոտիներն ինչո՞ւ չենք նույնպես բացառությունների մեջ ներառում»։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում մնացած պահպանվող տարածքները նույնպես ներառել որոշման մեջ։

Գործադիրը համաձայնել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 267.5 մլն դրամն ուղղել մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգմանը։ Որոշման համաձայն ֆինանսավորվում է արդեն իսկ կատարված աշխատանքի մի մասը։ Փողոցի երթևեկելի մասի ամբողջ երկայնքով 4-5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ է արվել, փոխվել են մայթերի խճե հիմքով ասֆալտբետոնե ծածկը, եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը 2 հազար 485 գծամետր է, լայնությունը’ 13-18 մետր։

ՀՀ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու, գույք հանձնելու, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և իր նախկին որոշումներից մեկում լրացումներ կատարելու որոշում։ Ըստ փաստաթղթի ՀՀ սեփականություն հանդիսացող «Գորիս քաղաքի և գյուղերի ջրամատակարարման վերակառուցում Զույգաղբյուրի աղբյուրների միջոցով» և «Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատար» անշարժ գույքը կներդրվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում։

Գործադիրն ընդունել է անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու որոշում, որի համաձայն «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն հնարավորություն կունենա պատշաճ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները’ արագաչափ սարքերի և տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելացնել նաև մյուս համապատասխան կարողությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում