Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու

Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։

Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։ Դեսպանություն է բացվում Մեքսիկայի Միացյալ Նահանգներում’ հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։ Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը հնարավորություն կտա համագործակցել հանցագործությունների կանխարգելման, խափանման, բացահայտման և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ։

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային և ճանապարհային փոխադրումների համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագրի ստորագրումը կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցները կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը։

Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտք գործելու համար արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում