Հեքիաթ. «Մոխրոտը». Գրիմ եղբայրներ

Լինում է, չի լինում, մի հարուստ մարդ է լինում: Նրա կինը ծանր հիվանդանում է, և երբ զգում է, որ այլևս վեր չի կենալու, կանչում է մինուճար աղջկան, ասում.

– Սիրելի զավակս, համեստ ու խոնարհ եղիր, և աստված միշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի:

Ասում է, աչքերը փակում ու մեռնում: Աղջիկն ամեն օր այցի է գնում մոր գերեզմանին, լաց լինում: Նա շատ խոնարհ ու հեզ աղջիկ է լինում: Շուտով վրա է հասնում ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով, իսկ գարնանը, երբ նորից շողշողում է արևը, հարուստը նորից է ամուսնանում: Խորթ մայրը հետը երկու աղջիկ է բերում: Սրանք սիրունատես, բայց շատ չար ու դաժան հոգով են լինում: Ու խեղճ աղջկա օրը սևանում է:

– Մի՞թե այս հիմարն էլ պիտի մեզ հետ սեղան նստի,- ասում է խորթ մայրը: Ով ուզում է ուտի, նախ պետք է աշխատի: Քո տեղը խոհանոցն է, գնա, էնտեղ քեզ համար շատ գործ կճարվի:

Հանում են նրա գեղեցիկ հագուստը, հին, մաշված շորեր տալիս ու փայտե մաշիկներ:

– Հապա մի այս գոռոզ թագո՜ւհուն նայեք, ինչպես է զարդարվել,- ասում են նրանք ծիծաղելով ու աղջկան խոհանոց ուղարկում:

Առավոտից իրիկուն նա աշխատելու էր խոհանոցում, ջուր բերեր, վառեր վառարանը, ճաշ եփեր, լվացք աներ:Այդքանը բավական չէր, խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում: Ծաղրում էին, ծիծաղում վրան, ոսպ ու սիսեռ էին լցնում մոխրի մեջ ու ստիպում ջոկել: Երեկոյան, երբ խեղճ աղջիկը վերջացնում էր գործը և ուզում էր պառկել հանգստանալ, անկողին չէին տալիս, ստիպում էին վառարանի մոտ թափված մոխրի վրա նստել: Եվ որովհետև միշտ մոխրոտ ու փոշոտ էր լինում, քույրերը անունը դնում են Մոխրոտ: Մի անգամ հայրը գնում է տոնավաճառ և աղջիկներին հարցնում է, թե ինչ բերի նրանց համար:

-Գեղեցիկ զգեստներ,- ասում է մեկը:

– Մարգարիտներ ու ակնեղեն,- ասում է մյուսը:

– Քեզ համար ի՞նչ բերեմ, Մոխրոտ, դո՞ւ ինչ ես ուզում:

– Ինձ համար մի ճյուղ բեր, հայրիկ: Տուն դառնալիս որ ճյուղը, որ գլխարկդ գցի, հենց դա էլ պոկիր բեր:

Հայրիկը գեղեցիկ հագուստներ է գնում աղջիկների համար, մարգարիտներ ու թանկարժեք քարեր, ու երբ տուն գալիս անցնում է անտառով, ընկուզենու ճյուղը կպչում է նրան ու գլխարկը ցած գցում: Հայրը հենց այդ ճյուղն էլ պոկում է ու բերում իր հետ:

Բերում նվերները տալիս է աղջիկներին, ճյուղն էլ` Մոխրոտին: Մոխրոտը շնորհակալություն է հայտնում, վերցնում է ճյուղը, տանում է տնկում մոր գերեզմանին ու այնքան է լաց լինում, որ արցունքներով ջրում է հողը: Ճյուղն աճում է, մեծանում, դառնում գեղեցիկ ծառ: Մոխրոտը օրական երեք անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում: Ամեն անգամ մի սպիտակ թռչնակ է գալիս, իջնում ծառին, ու երբ Մոխրոտը որևէ բան է ուզում, թռչնակը գցում է նրա համար: Մի օր էլ թագավորը մեծ պարահանդես է անում, որ պիտի տևեր երեք օր, հրավիրում է իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին հնարավորություն ունենա ընտրություն անելու: Երբ խորթ քույրերն իմանում են, որ իրենք էլ պետք է ներկա գտնվեն պարահանդեսին, բարիանում են, կանչում Մոխրոտին.

– Արի մեր մազերը սանրիր, կոշիկները մաքրիր, կոճկիր ճարմանդները, տես ամուր կոճկիր, հա՜, թագավորի հանդեսին ենք գնում:

Մոխրոտը կատարում է նրանց պահանջները, բայց տխուր է, ինքն էլ է ուզում պարել, սկսում է խնդրել խորթ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ:

– Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած, ինչպե՞ս գնաս թագավորի պարահանդեսը: Ոչ շոր ունես, ոչ կոշիկ և դեռ ուզում ես պարել,- ասում է խորթ մայրը:

Մոխրոտն այլևս չի խնդրում, բայց խորթ մայրն ասում է.

– Մի թաս ոսպ եմ թափել մոխրի մեջ, եթե երկու ժամում հավաքես, քույրերիդ հետ գնա:

Մոխրոտը գնում է այգի ու ձայն տալիս.

– Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք:

Երկու ճերմակ աղավնիներ գալիս, իջնում են խոհանոցի պատուհանին, նրանց ետևից էլ` տատրակները, ապա երկնային բոլոր հավքերը, իջնում են մոխրի վրա: Աղավնիները սկսում են` կը՛տ-կը՛տ-կը՛տ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Մի ժամ էլ չի անցնում, վերջացնում են աշխատանքը ու թռչում գնում: Մոխրոտը թասը ուրախ-ուրախ բերում է տալիս խորթ մորը` մտածելով, որ հիմա իրեն էլ թույլ կտա գնալ պարահանդես, բայց նա ասում է.

– Չէ, Մոխրոտ, դու ոչ շոր ունես, ոչ կոշիկ, համ էլ պարել չգիտես, բոլորը կծիծաղեն վրադ:

Մոխրոտը լաց է լինում, իսկ խորթ մայրն ասում է.

– Այ, եթե մի ժամում երկու թաս ոսպ ջոկես մոխրի միջից, էն ժամանակ կգնաս քույրերիդ հետ, ասում է ու մտածում: «Մի ժամում ոնց պիտի երկու թաս ոսպը ջոկի»: Խորթ մայրը երկու թաս ոսպ է լցնում մոխրի մեջ, իսկ Մոխրոտը էլի գնում է այգին ու կանչում.

– Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ՝ ոսպը հավաքեմ:

Եվ երկու ճերմակ աղավնիներ գալիս իջնում են խոհանոցի պատուհանին, իսկ նրանց ետևից տատրակները և վերջապես երկնային բոլոր հավքերը: Աղավնիները սկսում են` կը՛տ-կը՛տ-կը՛տ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Կես ժամ էլ չի անցնում, աշխատանքն ավարտում են ու թռչում գնում: Մոխրոտը երկու թաս ոսպը ուրախ-ուրախ բերում, խորթ մորն է տալիս` մտածելով, որ հիմա թույլ կտա իրեն պարահանդես գնալ, բայց նա ասում է.

– Չէ, Մոխրոտ, չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես գնա, շոր չունես, համ էլ չես կարող պարել, խայտառակ կլինենք քո պատճառով:

Ասում է մայրն ու իր երկու աղջիկների հետ գնում պարահանդես: Երբ տանն այլևս մարդ չի լինում, Մոխրոտը գնում է մոր գերեզմանին այցելության, կանգնում է ընկուզենու տակ ու կանչում.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ,
Ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը ոսկեթել զգեստներ է թափում, ոսկեթել մետաքսե կոշիկներ: Աղջիկը շտապ հագնվում է ու գնում հանդեսի: Երբ ներս է մտնում, խորթ մայրն ու քույրերը, որ անտեղյակ էին այդ ամենին, կարծում են, թե անծանոթ թագավորի աղջիկ է եկել, այնքան գեղեցիկ է լինում նոր զգեստի մեջ: Նրանք կարծում էին, թե Մոխրոտը տանը նստած ոսպ է ջոկում մոխրի միջից: Թագավորի տղան ընդառաջ է գնում նրան, թևանցուկ անում, ու երբ պարերը սկսվում են, պարում է նրա հետ: Ուրիշ ոչ մեկի հետ չի պարում, ոչ էլ թողնում է նրա ձեռքը: Իսկ եթե մեկնումեկը մոտենում է աղջկան պարի հրավիրելու, թագավորի տղան ասում է.

– Նրա հետ ես եմ պարելու:

Մինչև ուշ երեկո պարում է Մոխրոտը, իսկ երբ ուզում է տուն վերադառնալ, թագավորի տղան ասում է.

– Ես կգամ քեզ ճանապարհ կդնեմ:

Թագավորի տղան ուզում է իմանալ, թե նա ում աղջիկն է, բայց Մոխրոտը փախչում է ու թաքնվում աղավնատանը: Թագավորի տղան այնքան է սպասում, որ Մոխրոտի հայրը գալիս է: Նրան ասում է, թե մի անծանոթ աղջիկ մտավ աղավնատունը: Ծերուկը մտածում է. «Մոխրոտը կլինի», պատվիրում է բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց այնտեղ ոչ ոք չի լինում: Ծնողները գալիս են տուն, տեսնում` Մոխրոտը կտավե բլուզը հագին, պառկած է մոխրի վրա, վառարանի մոտ էլ վառվում է ձեթի ճրագը: Բանն այսպես է լինում. Մոխրոտը աղավնատան մյուս երեսից դուրս է գալիս ու վազում ընկուզենու մոտ, այնտեղ հանում է գեղեցիկ զգեստը, դնում մոր գերեզմանին, թռչնակը ետ է տանում, ինքը հագնում է կտավի բլուզն ու գալիս նստում խոհանոցի մոխրի վրա: Հաջորդ օրը, հանդեսը նորից է սկսվում, և ծնողներն ու խորթ քույրերը գնում են,

Մոխրոտն էլի գնում է ընկուզենու մոտ ու ասում.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակն ավելի շքեղ զգեստ է գցում նրա համար, ու երբ Մոխրոտը ոտք է դնում պալատ, բոլորը հիանում են նրա գեղեցկությամբ: Թագավորի տղան նրան է սպասելիս լինում, հենց որ գալիս է, էլի բռնում է թևից ու միայն նրա հետ է պարում: Երբ ուրիշները մոտենում են, աղջկան պարի հրավիրում, թագավորի տղան ասում է.

– Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, աղջիկը պատրաստվում է գնալ, թագավորի տղան հետևում է նրան, որ տեսնի` ում տուն է մտնելու: Բայց աղջիկը վազում է պալատի ետևի այգին: Այգում մի հրաշալի ծառ է լինում, վրան` համեղ տանձեր: Աղջիկը շտապ բարձրանում է ծառն ու սկյուռի նման ճյուղից ճյուղ անցնում, այնպես, որ թագավորի տղան չի հասցնում նկատել նույնիսկ, թե ուր չքվեց: Նա սպասում է մինչև հայրը գալիս է, ասում է.

– Անծանոթ աղջիկը փախավ, բայց ինձ թվաց, որ տանձի ծառը բարձրացավ:

Հայրը մտածում է. «Մոխրոտը կլինի», ու հրամայում է կացինը բերել, ծառը կտրել: Բայց ծառի վրա մարդ չի լինում: Նրանք գալիս են տուն, տեսնում Մոխրոտը խոհանոցում նստած է մոխրի վրա: Այս անգամ էլ նա ծառի մյուս երեսից էր իջել, վազել էր ընկուզենու մոտ, թողել զգեստը, հագել իր կտավե բլուզն ու նորից պառկել էր մոխրի վրա: Երրորդ օրն էլ, երբ ծնողներն ու խորթ քույրերը գնում են պարահանդես, Մոխրոտը վազում է մոր գերեզմանի մոտ ու խնդրում ծառին.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը մի այնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում: Մոխրոտը պարահանդես է գալիս այդ զգեստով, հիացմունքից լեզուները կապ են ընկնում:

Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ու եթե որևէ մեկը հրավիրում է աղջկան, ասում է.

– Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, Մոխրոտը պատրաստվում է գնալ, թագավորի տղան ուզում է նրան ճանապարհել, բայց աղջիկն էլի այնպես ճարպկորեն է ծլկում, որ ոչ ոք նրան չի նկատում: Այս անգամ թագավորի տղան խորամանկության է դիմում. հրամայած է լինում աստիճաններին ձյութ քսել, և երբ Մոխրոտը փախչում է, նրա ձախ կոշիկը մնում է սանդուղքի աստիճանին կպած: Թագավորի տղան վերցնում է կոշիկը, որ փոքրիկ ու սիրուն է լինում` ձուլված մաքուր ոսկուց: Հաջորդ առավոտյան թագավորի տղան կոշիկը ձեռքին գնում է Մոխրոտի հոր մոտ, ասում.

– Այս կոշիկը ում ոտքը որ մտավ, նա կլինի իմ կինը:

Ուրախանում են քույրերը, նրանք գեղեցիկ ոտքեր են ունենում: Ավագը մոր հետ մտնում է սենյակ, որ փորձի կոշիկը: Բութ մատը խանգարում է, որ կոշիկը մտնի: Մայրը դանակը տալիս է նրան` ասելով.

Կտրի´ր բութ մատդ, երբ թագուհի դառնաս, միևնույնն է, ոտքով չես ման գալու:
Աղջիկը կտրում է բութ մատը, կոշիկը դժվարությամբ հագնում է ու ցավից շրթունքը կծած գնում կանգնում թագավորի տղայի առաջ: Թագավորի տղան նրան նստեցնում է իր ձիուն ու տանում: Այդ ճանապարհն անցնում է գերեզմանոցի մոտով, իսկ ընկուզենու վրա երկու աղավնի նստած երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում` արյուն է հոսում: Ձիու գլուխը թեքում է, կեղծ հարսնացուին բերում տուն, ասում, որ սա չի իսկական հարսնացուն, թող մյուս քույրը փորձի: Կրտսեր քույրը մտնում է սենյակ, սկսում է փորձել, ոտքի մատները մտնում են կոշիկի մեջ, բայց կրունկը մեծ է լինում, չի տեղավորվում: Մայրը դանակը տալիս է նրան, ասում.

– Կտրի´ր կրնկիդ մի մասը, որ թագուհի դառնաս, ոտքով չես ման գալու:

Աղջիկը կտրում է կրնկի մի մասը, ոտքը մի կերպ մտցնում կոշիկի մեջ և ցավից շրթունքը կծած` գնում թագավորի տղայի առաջ կանգնում: Թագավորի տղան նրան դնում է ձիու վրա ու տանում: Բայց երբ անցնում են ընկուզենու մոտով, այնտեղ թառած երկու աղավնի երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում՝ արյուն է հոսում, ճերմակ գուլպաները կարմրել են արյունից, թեքում է ձիու գլուխը և ինքնակոչ հարսանացուին ետ բերում:

– Սա էլ իսկականը չի,- ասում է թագավորի տղան,- էլ ուրիշ աղջիկ չունե՞ք:

– Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:

Թագավորի տղան խնդրում է, որ նրան էլ բերեն` փորձի:

Խորթ մայրն ասում է.

– Չէ , նա այնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա:

Թագավորի տղան պահանջում է, որ աղջկան անպայման բերեն իր մոտ: Մոխրոտը նախ լվանում է երեսն ու ձեռքերը, նոր ներկայանում թագավորի տղային ու խոր գլուխ տալիս: Թագավորի տղան կոշիկը տալիս է փորձելու: Մոխրոտը նստում է աթոռին, ոտքից հանում է փայտե մաշիկը, ոսկե կոշիկը հագնում, որ ճիշտ նրա ոտքովն է լինում: Նա ելնում է կանգնում, թագավորի տղան նայում է նրան ու ճանաչում այ՛ն գեղեցկուհուն, որի հետ պարել է երեք օր: Ասում է.

– Ա՜յ սա է իմ իսկական հարսնացուն:
Խորթ մայրն ու քույրերը վախենում են, չարությունից գունատվում, իսկ թագավորի տղան վերցնում է Մոխրոտին, դնում ձիու վրա ու քշում: Երբ անցնում են ընկուզենու մոտով, երկու ճերմակ աղավնիները երգում են.
Ոտքից արյուն չի կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Բարով տանես գիրկդ առած.
Հարսնացուն է քո սիրած:

Ասում են ու երկուսն էլ թռչում իջնում Մոխրոտի ուսերին, մեկը` աջ, մյուսը` ձախ ուսին, ու այդպես նստած էլ մնում: Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթել Մոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար: Երբ հարսանեկան կառքը շարժվում է դեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում: Եվ աղավնիները կտցում հանում են նրանց մի-մի աչքը: Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախ կողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը: Այդպես պատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույր մնում:

Գրիմ եղբայրներ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում