ՀՔԾ պետի տեղակալը 17/05 ընտրատեղամասի խնդրահարույց գործի ուշագրավ մանրամասներ է բացահայտում

Թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը լայն զարգացում է ստացել։ Խնդրահարույց գործի վերաբերյալ «Առավոտ» թերթի թղթակցի հարցերին պատասխանել է ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը։

Հարցազույցը ներկայացնում ենք զգալի կրճատումներով.

«Քրեական գործով որպես վկա անցնող Նարինե Իսմայիլին հայտարարել է, որ իր նկատմամաբ ճնշումներ են գործադրվել, սահմանափակվել են իր իրավունքները։ Մասնավորապես, թույլ չի տրվել ձայնագրել իր հարցաքննությունը։ Դա օրենքով արգելվա՞ծ է։

Նարինե Իսմայիլի հայտարարությունը, թե իր նկատմամաբ ճնշումներ են գործադրվել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրներ առաջացել են միայն Նարինե Իսմայիլին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով նրա հետ հարցաքննության ներկայացած փաստաբան Տիգրան Եգորյանի կողմից օրենքով չնախատեսված գործողության՝ ձայնագրառում կատարելու հետեւանքով…

Վկա Նարինե Իսմայիլի եւ քրեական գործով հարցաքննված մյուս վկա՝ թիվ 17/5 ՏԸՀ քարտուղար Անահիտ Սուլթանյանի ցուցմունքներում եղած ակնհայտ հակասությունների կապակցությամբ առերեսում կատարելու նպատակով գործը քննող քննիչը 2013թ. մարտի 1-ին վերջիններիս հրավիրել է ՀՔԾ։

Նարինե Իսմայիլին առերեսմանը ներկայացել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Վերջինս փորձել է ձայնագրել առերեսումը, ինչի դեմ առարկել է մյուս առերեսվողը։ Քննիչը նույնպես առարկել է նշելով, որ օրենքը փաստաբանին նման իրավունք չի վերապահում։

Տիգրան Եգորյանը չի կատարել քննիչի օրինական պահանջը՝ անհիմն պատճառաբանությամբ, թե Նարինե Իսմայիլի նախորդ հարցաքննության ընթացքում քննիչը ճնշում է գործադրել վկայի նկատմամբ։

Իսմայիլին հայտարարել է, որ իր ձայնագրիչը ՀՔԾ-ում գողացել են։

Դա անհեթեթություն է, այն պարզապես վերցվել եւ դրվել է նույն աշխատասենյկի գրապահարանում, իսկ այնուհետեւ վերադարձվել։

Վկային հարցաքննության հրավիրելու կարգը սահմանված է օրենսդրությամբ, բայց դիտորդի հայտարարության համաձայն՝ քննիչը նրան զանգով է հրավիրել ներկայանալ եւ ոչ թե հարցաքննության, այլ ինչ-որ անձնական նկարներ փոխնցելու; Ինչո՞ւ պատշաճ չի ծանուցվել եւ ի՞նչ լուսանկարների մասին է խոսքը։

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՔԾ-ում ստացվել են որպես 17/05 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների հիմնավորում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի կողմից մի շարք դիտորդների բողոքին կից ՀՀ ԿԸՀ ներկայացված լազերային սկավառակներ։ Դրանցում շուրջ 5 ժամ 30 րոպե տեւողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը, եւ մի քանի դրվագներում երեւում է Նարինե Իսմայիլին կիսամերկ վիճակում՝ վարտիքը մինչեւ ծնկներն իջեցրած։

Նկատի ունենալով, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի կողմից տրամադրված լազերային սկավառակներում առկա են եղել Նարինե Իսմայիլի անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր, վերջինս հրավիրվել է ՀՔԾ՝ տեսագրության այդ հատվածները իր իսկ ներկայությամբ ջնջելու նպատակով, այդ պատճառով նրան ծանուցագիր չի ուղարկվել…»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում