Ստեփանակերտի օդանավակայանը ԼՂ անկախության գաղափարի իրացման քայլ է

 «Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցի հասարակությունը այդպես ագրեսիվ ընդունեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, նախ նկատել է, որ դա ուղերձ էր ադրբեջանցի ժողովրդին, որ «ամեն ինչ այդպես միանշանակ չէ, ինչպես մենք ենք կարծում, և մենք էլ պատճառ ունենք ներողություն խնդրելու»: Ապա Միրգադիրովը նշել է. «Երկրորդ ուղերձը սա էր. երբ հնչեցին մեղադրանքներ, թե ինչո՞ւ է ստեղծագործությունը միակողմանի’ պատճառաբանվեց’ «ես չեմ կարող ներողություն խնդրել հայերի փոխարեն, ես իմ չափով վերցրել եմ իմ բաժինը»:

Հեղինակը նշել է, որ սպասում է հայ մտավորականների արձագանքին: Բայց ինչպես առաջին ուղերձը, այնպես էլ երկրորդը անարձագանք մնաց հայ մտավորականության կողմից: Մեզ մոտ փորձել են ներողություն խնդրել հայերից, անձամբ ես Սումգայիթի համար գրել եմ հոդվածներ, որ մենք չենք կարողացել կանխել’ անկախ նրանից, թե ովքեր էին դրա կազմակերպիչները’ հատուկ ծառայություննե՞րը, թե՞ ինչ-որ այլանդակներ, որոնք իշխանության գլուխ էին, ես չգիտեմ, մինչև հիմա Սումգայիթի և Բաքվի դեպքերի կազմակերպիչների հարցը բացահայտված չէ… Բայց, որպես մտավորական, որպես հրապարակային մարդ, մտավորականության մասնիկ’ մենք չենք կարողացել դա կանխել, դրա համար բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրը, ով հավակնում է մտավորական կոչվել, հրապարակային կամ քաղաքական գործիչ անվանվել»: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին’ Միրգադիրովը նշել է, որ օդանավակայանի վրա ծախսված գումարը և դրանից ակնկալվող շահույթը, բնականաբար չեն համապատասխանում միմյանց, ուստի օդանավակայանի կառուցումն ավելի շատ ցուցադրական քայլ է Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարի իրականացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում