ՄԻՊ-ը ներկայացնում է իր կատարած աշխատանքը 2012-ին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացնում է «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ. Օմբուդսմենի զեկույց 2012»-ը: Զեկույցում մասնավորապես ասվում է.

«Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը

2012 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ հանրապետության 6 մարզկենտրոններում, մասնավորապես’ Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնվել են Պաշտպանի մարզային գրասենյակներ:

Ներկայումս Պաշտպանի աշխատակազմում գործում է 5 վարչություն՝ քաղաքացիների ընդունելության և նամակների վարչություն, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչություն, քրեադատավարական իրավունքների վարչություն, իրավական վերլուծության վարչություն, արտաքին կապերի վարչություն: Բացի այդ Պաշտպանն ունի 4 խորհրդական’ զինծառայողների և ազատազրկվածների հարցերով, երեխաների և փախստականների հարցերով, կանանց և շրջակա միջավայրի պահպանության հարձերով, հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնությունների հացերով: Պաշտպանն ունի նաև երկու տեղակալ:

Մարդկանց դիմումների վիճակագրություն

Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011 թվականի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվն աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել:

116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայություն

Պաշտպանի թեժ գծի ծառայությունը շուրջօրյա է և տրամադրում է քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում Պաշտպանի ներկայացուցիչները արագ արձագանքմամբ այցելում են դեպքի վայր և օգնում տեղում: 2012 թվականին թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաև հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում, ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 145 արագ արձագանքում:

Դիմումներ ՀՀ Սահմանադրական դատարան

2012 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիմումներ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որոնց արդյունքում.
· վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով այլևս չի կարող ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր,
· անձիք կարող են ստանալ արտերկրում գործող նոտարի կողմից հաստատված լիազորագիր’ կենսաթոշակ ստանալու նպատակով,
· կազմակերպությունները կարող են արդյունավետ բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները դատարանում,
· հարկային արգելանքի ինստիտուտը կարող է կիրառվել միայն այլ միջոցների սպառման դեպքում,
· կանխարգելվեցին անձի իրավական վիճակը ծանրացնող դրույթների հետադարձ ուժի կիրառումը, ինչպես նաև անձանց դատարան դիմելու իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ դեպքերը:

Օրենսդրական առաջարկություններ և զեկույցներ

2012 թվականի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 60 օրենսդրական առաջարկություններ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:

Պաշտպանը ներկայացրել է տարեկան զեկույց և 4 արտահերթ հրապարակային զեկույցներ: Պաշտպանը մանրակրկիտ ներկայացրել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և խնդիրները հատուկ արտահերթ զեկույցով: Առանձին զեկույցներ են ներկայացվել նաև ՀՀ-ում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմպլեմենտացիայի վերաբերյալ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

Հայտարարություններ

2012 թվականի ընթացքում Պաշտպանի կողմից արվել են մի քանի տասնյակ հայտարարություններ ՀՀ դատական իշխանության թերացումների, կենսաթոշակառուների իրավունքների խախտումների, կանանց, սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ: Բացի այդ 2012 թվականի մարտին Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել ՀՀ ոստիկանությանը թույլատրել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների վրանի տեղադրումը: ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների գործերով 2012 թվականի ապրիլին Պաշտպանը իրավաքաղաքական աջակցության ակնկալիքով հրապարակային հայտարարությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովին: Անդրադարձ կատարելով Սևանա լճից ջրի բացթողման խնդրին’ Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել իրավասու բոլոր պետական մարմիններին նման որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել հասարակական լսումների կազմակերպմամբ:

Այցելություններ կալանավայրեր, զորամասեր և այլ փակ հաստատություններ

Պաշտպանը և իր ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են 151 այցելություններ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ: Այցելությունների արդյունքում բացահայտվել և/կամ վերհանվել են մի շարք մտահոգիչ խնդիրներ, մասնավորապես՝ նախաքննության և հետաքննության փուլում’ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ հրավիրված անձանց հարցաքննությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների, դաժան անմարդկային և այլ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունքի դեպքեր, անձանց փակ հաստատություններ ընդունելիս արտաքին զննության պատշաճ չկատարման դեպքեր, հացադուլ հայտարարած անձանց դաժան և անմարդկային պայմաններում պահելու դեպքեր, քրեակատարողական հիմնարկների համատարած գերբնակեցման խնդիրը և այլն:

Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ

Պաշտպանը ապահովել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը Քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների նոր օրենսգրքերի նախագծերի, «Խտրականության դեմ» օրենքի նախագծի, «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքում: Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների օրինականության վերաբերյալ Բնապահպան ակտիվիստների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նույնպես կազմակերպվել է քննարկում: Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներ են իրականացվել և հրապարակայնորեն բարձրացվել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ խնդիրը:

Պաշտպանի գործունեության խոչընդոտները

Պաշտպանի աշխատակազմում կա նյութական և ֆինանսական միջոցների սղություն: 2014 թվականին Պաշտպանի և իր աշխատակազմի գործունեությունը նվազագույնը նույն ծավալներով իրականացնելու համար անհրաժեշտ է 65 միլիոն դրամի բյուջետային հավելում: 2012 թվականին այդ գումարի պակասորդը լրացվել է միջազգային գործընկերների կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում