Անիմաստ շոու՝ ռաբիզ զարդերի ֆոնին

 Երեկ երևանի Հանրապետության հրապարակը կրկին լցված էր ավտոբուսներով: Դե բնականաբար՝ փուչիկներ, զարդեր…: Ըստ «Հայկական ժամանակի»՝ պատկերը իդիլիականին մոտ էր: Միջին տարողությամբ այս մի քանի տասնյակ ավտոբուսները շուտով կսկսեն շահագործվել մայրաքաղաքում: Նման ցուցադրական շոուներ հրապարակում հաճախակի են կազմակերպվում՝ մարդկանց ցույց տաւու համար, որ տրանսպորտի վիճակը Երևանում բարելավվում է: Եթե իրոք բարելավվում է, ապա անհասկանալի է, թե ինչ կարիք կա ավտոբուսները փուչիկներով զարդարել ու նման ներկայացումներ կազմակերպել, մանավանդ, որ դրանք շահագործվելու են հենց Երևանում՝ բոլորի աչքի առաջ: Երևանի ավագանու ընտրություններից առաջ կազմակերպվող նման շոուները հատկապես ուշագրավ են: Իհարկե, իդիլիական այս պատկերը մի փոքր փչացավ տեղի ունեցած վթարի հետևանքով, երբ ետուառաջ անող ավտոբուսներից երկուսը բախվեցին իրար, բայց կարևորը դա չէ:

«Նոր ավտոբուսները Երևան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում՝ 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց հիմքում միկրոավտոբուսների թիվը տարեցտարի կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է»,- այսպես է պաշտոնապես բացատրվում ավտոբուսների ներդրումը Երևանում:

Ընդհանրապես, Երևանում տրանսպորտի իրավիճակի բարելավման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու նրա ներկայացրած ՀՀԿ-ի պատկերացումները բավականին տարօրինակ են: Այսպիսի շոուներով ընդամենը մի քանի տարի առաջ ներդրված տասնյակ միջին տարողությամբ ավտոբուսներ արդեն դուրս են եկել շահագործումից, մի քանի տասնյակը դատական գործերի շրջանակներում արգելանքի տակ են…: Շոուներ կազմակերպելու ընդմիջումների ժամանակ արժե մտածել, թե ինչու է այդպես: Մեր քաղաքային իշխանությունների հավաքական մտավոր ունակությունները երևի չեն բավարարում ուսումնասիրելու համար, թե ինչու նորմալ երկրներ ում միջին տարողությամբ ավտոբուսները ոչ մի դեպքում չեն օգտագործվում որպես քաղաքային տրանսպորտի միջոցներ: Այդ նպատակով այնտեղ օգտագործվում են բացառապես մեծ տարողությամբ ավտոբուսներ: Տարօրինակ է, բայց փաստ, որ քաղաքային իշխանությունները մինչ օրս չեն էլ փորձել դա պարզել ու երթուղային տաքսիներից մի քիչ մեծ այս ավտոբուսներով Երևանը լցնում են բավական չէ, դեռ դրանից էլ այսպիսի շոուներ են կազմակերպում:

Մյուս կողմից սակայն այս շոուների տրամաբանությունը լիովին համահունչ է նույն Հանրապետության Հրապարակի շատրվանների վրա արդեն մի քանի ամիս տեղադրված գեղագիտական չափազանց մեծ արժեք ներկայացնող ռաբիզ զարդերի հետ: Եթե քաղաքային չինովնիկները դրանք համարում են գեղեցիկ, բնականաբար նրանց չպետք է հետաքրքրի, թե ինչպես է պետք իրականում բարեփոխել քաղաքային տրանսպորտը: Ճաշակն ու մտավոր կարողությունները սովորաբար փոխկապակցված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում