Նամակ Ֆինլանդիայից. այստեղ հայ համայնք չկա, ինչպե՞ս է այն պաշտպանում Րաֆֆի Հովհաննիսյանին

Times.am-ը նամակ է ստացել մեր հայրենակից Մովսես Փահլեվանյանից, ով բնակվում է Ֆինլանդիայում: Նամակում մասնավորապես ասվում է.

«Ես 56 տարեկան Մովսես Փահլեվանյանն եմ, 30 տարի է բնակվում եմ Հելսինկիում: Այստեղ եմ տեղափոխվել Հայաստանից: Շատ ուշադիր հետեւում եմ Հայաստանում վերջերս տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ դրա արձագանքներին: Բավականին զարմացած էի կարդալով որոշակի հայտարարություններ, որոնք արված էին «Ֆինլանդիայի հայ համայնքի» անունից: 30 տարի է ինչ բնակվում եմ Հելսինկիում եւ այստեղ չկա պաշտոնապես գրանցված հայ համայնք, ապրում են քիչ թվով հայեր, բայց չգիտես թե ինչպես մի ամբողջ գույություն չունեցող «համայնք» – ի եւ ողջ սփյուռքի անունից հայտարարվում է, որ համայնքը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին:
( http://blog.mediamall.am/?type=political&id=6755 )

Կարծում եմ անլրջություն կլինի հավատալ ինչ – որ անանուն հայտարարությունների, որոնք արվում են տարբեր անհատների կողմից եւ ներկայացվում են հանրությանը եւ ինչու ոչ կարող են ազդել Հայաստանի քաղաքական վիճակի վրա:

Ես ‘որպես Ֆինլանդիայում բնակվող մարդ եւ առաջին հերթին որպես հայ ազգի ներկայացուցիչ, իմ խոսքն եմ ուղղում Ձեզ սիրելի ‘« Ֆինլանդիայի հայ համայնք ». Ձեր հայտարարության մեջ Դուք ՈՉ եք ասում կեղծիքներին, բայց ինքներդ կեղծում եւ խեղաթյուրում եք իրականությունը:

Չեմ զարմանա, եթե շուտով հանրությանը հայտարարվի, որ օրինակ Տանզանիայի կամ Մոզամբիկի կամ այնպիսի երկրների, որտեղ չկան հայ համայնքներ կամ պարզապես ապրում են փոքր թվով հայեր նույնպես սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին: Անշուշտ դժվար կլինի ստուգել այն հայտարարությունների իսկությունը, որոնք արվում են այդ երկրներից:

Նման դատարկաբանությամբ զբաղվողներին խորհուրդ կտամ լրջորեն մտածել իրենց քայլերն անելուց առաջ եւ չանել այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն շատ հեռու են իրականությունից:
Եկեք լինենք ավելի ողջախոհ, անաչառ եւ իսկապես ասենք ոչ կեղծիքներին:

Հուսով եմ, որ այս հայտարարությունը, որ ես ուղարկել եմ Հայաստանի լրատվամիջոցներին կտեղադրվի համացանցում եւ հասանելի կլինի հանրությանը:

Մովսես Փահլեվանյան, մասնագիտությամբ, բժիշկ – ատամնաբույժ
Հելսինկի, Ֆինլանդիա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում