ՀՌԱՀ անդամ-նախագահ նշանակվելու մասին խոսակցություն չի եղել. Գագիկ Բունիաթյան

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը հերքում է իրեն’ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, ապա նախագահ նշանակվելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
Վերջինս հայտնել է, որ իր հետ նման քննարկումներ, խոսակցություններ չեն եղել: Ավելին’ իր’ ՀՌԱՀ անդամ, այնուհետեւ նախագահ նշանակվելու մասին իմացել է լրատվամիջոցներից, հետեւաբար խորհուրդ է տալիս հենց լրատվամիջոցներից էլ ճշտել տեղեկատվության իսկությունը:
«Ենթադրում եմ, որ պարոն Ամալյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է, ինչ-որ թեկնածուներ են ման գալիս եւ միգուցե կարծում են, թե վատ թեկնածու կարող եմ չլինել: Այնքան ծանրաբեռնված է մեր աշխատանքային գրաֆիկը, որ ես այդ ուղղությամբ չեմ մտածել»,- նշեց նա: Գագիկ Բունիաթյանի խոսքով’ իրեն նման առաջարկ չի եղել եւ առիթ չի եղել մտածել այդ ուղղությամբ:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Բանն այն է, որ առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պաշտոնավարման ժամկետը, եւ նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետեւ կընտրվի նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում