Եղիա Ներսիսյանի դատը բնապահպանները որակում են որպես ահաբեկչություն

Այսօր բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են սկսել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ակտիվիստ Եղիա Ներսիսյանի աջակցելու համար:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը որակվում է որպես ահաբեկչություն:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Տարբեր օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերությունները տեղական արտադրության կոռումպացված պաշտոնյաների հետ միասին «օրենքով սահմանված կարգով» բացահայտ թալանում են Հայաստանի ընդերքը, ճորտատիրական կարգերին բնորոշ մեխանիզմներով շահագործում են բնակչությանը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ նրանց ստիպելով լռել և համակերպվել:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ընդերքի բնական պաշարներից հայ ժողովրդին բաժին է հասնում դրա միայն չնչին մասը: Հայաստանի ընդերքը բզկտող օտարածին ընկերությունները մեր ամբողջ հարստությունը հումքային վիճակում արտահանում են տնտեսապես զարգացած պետություններ՝ մեզ ստիպելով մնալ նախաինդուստրիալ, տնտեսապես թույլ և հավերժ աղքատ վիճակում՝ թողնելով իրենց իսկ ստեղծած պարտքային ստրկության ու թունավոր շրջակա միջավայրի մեջ:

Օտար կապիտալի ազդեցությունը Հայաստանում հասել է այն աստիճանի, որ Համաշխարհային բանկն արդեն բացահայտ միջամտում է Հայաստանի ինքնիշխանության հիմնասյուներից մեկի՝ օրենսդիր գործունեության իրականացմանը՝ իր ֆինանսական շահերից բխող կամքը թելադրելով ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի մշակման ընթացքում:

Եղիա Ներսիսյանի դեմ իրականացվող հետապնդումը ոչ այլ ինչ է, քան կանադական ընկերության կողմից իրականացվող ահաբեկչական գործողություն՝ փաթեթավորված օրենքով նախատեսված եզրույթներով: Այս դեպքից հետևում է, որ մեր ընդերքը շահագործող մասնավոր ընկերությունների հետապնդումներից խուսափելու համար անհետաձգելի առաջնահերթություն է բնական պաշարների ազգայնականացման հարցը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու օտար շահագործողներից մեկի՝ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության թողած ողջ «աղբը» բացահայտելու և նրա դեմ իրավական գործընթաց սկսելու համար»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում