Ո՞վ կլինի ընդդիմության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

«Ընդդիմությունը թատերական ներկայացման վերածեց այն, ինչ կատարվում էր Ազատության հրապարակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայաստանյան հետընտրական զարգացումներին և Երևանի ավագանու ընտրություններին, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Այս ընտրություններում կարելի է ֆիքսել հանդուրժողականության մթնոլորտ, առկա է անտագոնիզմի բացակայություն, իսկ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը չեն պիտակավորում միմյանց ու հանդես են գալիս միմյանց նկատմամբ կոռեկտ արտահայտություններով»,- ասաց բանախոսը:
Բանախոսը սխալ է համարում հացադուլով նախագահի աթոռ պահանջելը և կածում է, որ Ր Հովհաննիսյանը հացադուլի դիմել է ընտրազանգվածը մոբիլ պահելու նպատակով:
Անդրադառանալով Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման թեմային՝ բանախոսն ասաց, որ իշխանությունը և ընդդիմությունը պետք է կազմեն «ճանապարհային քարտեզ»՝ բարեփոխումներ իրականացնելու համար:
«Բարեփոխումները պետք է վերաբերեն քրեաօլիգարխիկ տնտեսությունը վերացնելուն, արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն և ընդդիմությանը պետք է տրամադրվեն վերահսկողական ֆունկիացներ»,-ասաց Սուրենյանցը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Սուրենյանցը նշեց, որ սպասվում է լուրջ մրցակցություն:
Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև Երևան» նախընտրական դաշինքի միջև, որը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ ավագանու ընտրություններում գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե 500.000 ընտրազանգվածը ո՞ւմ է պատկանում՝Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ Գագիկ Ծառուկյանին, իսկ դա նաև կմատնանշի թե ով է լինելու մոտակա տարիներին Հայաստանի ընդդիմության առաջնորդը:
«Ավագանու ընտրություններում ես ընտրելու եմ ոչ թե ՀՀԿ-ին, այլ՝ Տարոն Մարգարյանին»,- վերջում հավելեց Ս. Սուրենյանցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում