Հայ դատի հանձնախումբն ու Հելլենական ինստիտուտը նամակով դիմել են ԱՄՆ-ին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի Հելլենիստական ինստիտուտը (AHI) կոչ են արել ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցչին չստորագրել նոր ամերիկա-թուրքական առևտրային համաձայնագիրը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել Կիպրոսի օկուպացիան ու Հայաստանի շրջափակումը:

Դմիտրի Մարանտիսին հասցեագրված նամակում, որը ստորագրել են ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու AHI նախագահ Նիկա Լարիգակիսը, ասվում է, որ երկու համայնքները համաձայն են Օբամային վարչակազմի հետ ամերիկյան առևտրի ու ներդրումների ընդլայնման վերաբերյալ և հարգում են օրենքի գերակայությունը:

Նրանք ողջունել են նախագահ Օբամայի վարչակազմի առաջնորդությունը ԱՄՆ առևտրային և ներդրումային քաղաքականության ընդլայնման գործում’ հիմնված արդար պայմանների և օրենքի գերակայության վրա, սակայն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ազգային շահերից, արժեքներից, ինչպես նաև տնտեսական բարվոքությունից չի բխում համագործակցությունը մի պետության հետ, որը կոպտորեն խախտելով գլոբալ առևտրային համակարգի ամբողջականությունը’ օկուպացրել է Եվրոպական միության անդամ երկրի և փակ է պահում սահմանը մեկ այլ պետության հետ:

Նամակում մասնավորապես ասվում է. «Սակայն Թուրքիայի դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ն առաջ չի մղելու մեր ազգային շահերը, մեր տնտեսական բարեկեցությունը, կամ մեր հիմնական արժեքները, պարգևատրելով այն ազգին, որը այդքան աղաղակող կերպով ու կոպտորեն խարխլում է գլոբալ առևտրային համակարգի ամբողջականությունը՝ օկուպացիայի ենթարկելով ԵՄ անդամ պետությանը ու սատարելով վերջին փակ սահմանին Եվրոպայում»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում