Թուրքիան հետաձգել է Երեւան-Վան-Երեւան չվերթների իրականացումը

«Նարեկավանք Տուր» զբոսաշրջային գործակալության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որից իմանում ենք, որ թուրքական իշխանությունների կողմից սառեցվել է Երևան-Վան չվերթը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ 2013 թ. մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը:

Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:

Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը:

Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից:

Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք, ի վերջո, թույլ տվեցին, որ
քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին:

Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում