«Նախախնամություն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
Մի քանի տարի առաջ պատահաբար «հայտնաբերել» եմ, որ ընկերներիցս շատերն իմ հոր ընկերների զավակներն են։ Մեր ծնողները մեզ իրար չեն ծանոթացրել։ Չգիտեմ, երևի չեն էլ մտածել դրա մասին։ Ժամանակ չեն ունեցել… Իրենց ընկերության ժամանակահատվածում դա, կարծես, երկրորդ պլան էր մղված։ Անգամ վստահ չեմ, թե համոզված էին, որ իրենց երեխեքը ողջ ու առողջ կլինեն։ Բոլոր դեպքերում՝ հակառակի ռիսկը միշտ շատ մեծ է եղել։ Դեպքեր էլ են եղել։ Օրինակ, հայրս միշտ տանջվում էր այն մտքից, որ պատերազմի թեժ օրերին համոզել էր իր ընկերներից մեկին ընտանիքը դուրս չբերել Արցախից, իսկ դրանից մի քանի օր անց այդ մարդու երկու երեխաները զոհվել են արկի պայթյունից… Ահավոր է։ Դրանից հետո, երբ հայրս գնացել է այդ երեխաների հուղարկավորմանը, որդեկորույս իր ընկերը մոտեցել և ասել է.
– Երեխաներս հաղթանակի հետ կվերադառնան, Լևոն։ Մենք հաղթելու ենք։
Մենք իսկապես հաղթեցինք։ Եվ այդ հաղթանակն արժեր բոլոր այն զոհողություններին, որոնք եղել են այս ընթացքում։ Այո, պատերազմի ժամանակ հարյուրավոր երեխաներ զոհվեցին, բայց պատերազմից հետո ծնվեցին հազարները։ Ու դեռ ինչքան կծնվեն… Պատերազմի ժամանակ ընկան մեր ազգի հազարավոր արժանի զավակներ։ Բայց ձևավորեցին տեսակ։ Օրինակ դարձան տասնյակ ու հարյուր հազարավոր այլ հայորդիների համար… Դժվար էր այդ ամենը, հաճախ՝ անտանելի։ Բայց ո՞վ էր հեշտ ընթացք խոստացել։ Կամ էլ թե նման բան սպասում։ Չգտեմ…
Գործ էր, պետք էր անել։ Եվ ամեն մեկն անում էր այնպես, ինչպես կարող էր։ Շատերն էլ շարունակեցին այդ գործն անգամ պատերազմից հետո։ Եվ դա արդեն ապագա հաղթանակների երաշխիքն է։
Ինչու՞ եմ այս ամենը գրում։ Անկեղծ՝ ինքս էլ չգիտեմ։ Վերջին օրերին միտքս անընդհատ որոնումների մեջ է։ Բարդ ապրումներ ունեմ և երևի թե հիմա այն պահն է, երբ կարելի է դրա մասին խոսել։ Հենց այս գիշեր։ Որովհետև առավոտյան, երբ լույսը բացվի, քույրս՝ Լևոն Մելիք-Շահնազարյանի դուստր Վարդուհին, եկեղեցում հավերժ սիրո և հնազանդության երդում է տալու Հմայակին՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) որդուն։ Աստվածային նախախնամություն։ Երկու ամենամտերիմ, հարազատ, միմյանց շատ սիրող ընկերների զավակներ ամուսնանում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում… Չգիտեմ՝ ավել ինչ կարող էին երազել մեր ծնողները։ Վստահ եմ՝ որ անգամ այդ չէին մտածում…
92 թվականին, երբ զոհվեց Բեկորը, շատ էի տխրել։ Ու քանի որ անկեղծ խոսելու պահ է, խոստովանեմ՝ տխրել էի, որովհետ դրանից մի քանի օր առաջ խոստացել էր ինձ հեծանիվ նվիրել։ Սպասում էի… Հիմա կասեք, թե եսամոլ եմ եղել։ Գուցե… Հնարավոր է՝ և հիմա։
Բայց մի բան էլ կա. այն ժամանակ ես վստահ էի, որ ոչ մեկի մահը այլևս չի կարող հուզել ինձ։ Անգամ իմ հոր։ Սովորել էի արդեն դրան, շատ էի տեսել… Հիշում եմ, թե ինչպես էր մեր հարևան Կառլենի մայրը, որդուն վերջին հրաժեշտը տալուց, մերկացրել կուրծքը և լացելով պարում նրա առջև՝ խնդրելով, որ նորից մանկանա և կաթ ուտի։ Տեսարանը մտքիցս երբեք էլ չի հեռանա։ Բայց ինչպես այն ժամանակ, ճիշտ այդպես և հիմա որոշակի սառնասրտությամբ եմ հիշում այդ ամենը։ Եղել են դեպքեր, երբ կարծում էի, թե հայրս զոհվել է, բայց միևնույն է հանգիստ սպասում էի լուրի հաստատմանը կամ հերքմանը։ Տարիներ անց, երբ պատերազմն արդեն անցյալում էր թվում, շատ էի մտածում դրա մասին։ Ենթադրում էի, թե մանկական հիմար պատկերացումներ ու ապրումներ էին։ Բայց հետո հայրս մահացավ ու կրկին ոչ մի կաթիլ արցունք…
Իսկ հիմա հուզված եմ։ Շատ։ Մտածում եմ, որ… Ավելի ճիշտ վստահ եմ՝ Համոյի ու Վարդուհու խնամախոսը աշխարհներից լավագույնում է տեղի ունեցել։ Էն որ պատերազմով էին զբաղված, շատ բան մտածելու՝ առավել ևս պլանավորելու ժամանակ չունեին… հիմա նստել ու որոշել են, համաձայնվել։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է։ Գործ, որն իմ ուսերին է թողնված, իմ եղբոր, Համոյի եղբայրներ՝ Արթուրի ու Բեկորի, մեր մայրերի… Ահա այդպես։ Հետո էլ կասեն, թե սերնդների երկխոսություն չկա։ Մարդիկ այնտեղ որոշել են, մենք այստեղ կատարում ենք։ Ապշելու բան։
Չգիտեմ, երևի հիմարություն է հարսանիքից առաջ այս մտքերի մեջ ընկնելը։ Կարող է՝ ճիշտը քնելն է ու վաղը մի լավ ուրախանալը, բայց… վաղուց էի պատրաստվում այս ամենի մասին խոսել Համոյի ու Վարդուհու հետ։ Ուզում էի ու չստացվեց։ Չկարողացա։ Իսկ այսպես… ավելի հեշտ է։
Ու թող Աստված օրհնի այդ պսակը։ Թող յոթ որդով սեղան նստեն ու լինեն իրենց Հայրերի արժանի ժառանգը։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում