«Արմավիա»-ն Ռուսաստանին պարտք է 54 մլն ռուբլի

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա»-ն ռուսաստանյան ընկերություններին և գերատեսչություններին 54,2 մլն ռուբլու չափով ժամկետանց պարտքեր ունի: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, այս մասին ասված է Ռոսավիացիայի մամլո հարղորդագրության մեջ:

Գումարի մեծ մասը’ 44,3 մլն ռուբլին, ավիաընկերությունը պարտք է «Վնուկովո», 1 մլն ռուբլի’ «Սոչի» և «Կրասնոդար» օդանավակայաններին, իր հերթին նշում է Lenta.ru-ն:

Բացի այդ, «Արմավիա»-ն 2013թ.-ի հունվար ամսվա ընթացքում ավիանավիգացիոն սպասարկման համար Ռոսավիացիային պարտք է 288 հազար ԱՄՆ դոլար կամ ավելի քան 8,9 մլն ռուբլի:

Ռուսաստանյան աղբյուրը նաև նշում է, որ «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս մեկ տարի առաջ հայտարարել էր հնարավոր սնանկության մասին: Ավիաընկերությունում ֆինանսական դժվարությունները պայմանավորում էին «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր սակագներով: Նախորդ տարվա սեպտեմբերին ԶԼՄ-ները տեղեկացրին Բաղդասարովի’ ընկերությունը վաճառելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում