Սարսափելին
06/06/2017 13:35
Նմանատիպ
Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։
Արևածագ թե գիշեր՝
Չունիս ոչ մեկ սպասում.
Եվ սրտիդ մեջ ալեհեր՝
Ո՛չ մեկ ծնունդ ու թաղում։
Արդեն թաղած ես շատոնց
Ամեն հավատք, ամեն սեր
Եվ նույնն է տուն ու փողոց
Քայլերուդ դեմ անտարբեր։
Դուն ստվերի պես մոլոր
Ւը թափառիս առանձին,
Եվ ճամբաները բոլոր
Քեզ ոչ մեկ տեղ կը տանին։
Ալ չես գիտեր՝ ո՞րն է վատ,
Ո՞րն է իրավ, ո՞րը սուտ,
Օրերու բեռն անիմաստ
Այդպես շալկած ուսերուդ…
Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։