«Ես զավակն եմ ա՛յս կյանքի»

-Ի՞նչ, խնդությու՞ն, երջանկությու՞ն
Գոչեց ձայնը երկնային,
-Ես կմարեմ ողջ հույսերդ,
Վառ լույսերդ երկրային։

Մոռացե՞լ ես պատվիրանը
Տառապանքով լի ուղիդ
Ու խնդրում ես, որ իմ ձեռքով
Դափնի փռեմ ճամփեքիդ

Զրկանքներդ իր գինն ունի
Դա Եդեմն է խոստացված
Ու հավիտյան փառքն ու խինդը՝
Հոգուդ համար հալածված։

-Ավա՜ղ, Տեր իմ, Աստված չեմ ես
Ոչ էլ սուրբ եմ օրհնված
Դրախտները տուր ուրիշին
Իսկ ինձ բախտս երազած։

Հանուն սիրո մերժում եմ ես
Ամեն տեսակ պարտեզներ
Հանուն նրա մի համբույրի՝
Աստվածային խոստումներ։

Թեկուզ զրկվեմ քո շնորհից,
Դառնամ գերին դժոխքի,
Ես իրակա՛ն փառք եմ ուզում,
Ես զավակն եմ ա՛յս կյանքի։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2005թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում