Ապրիլի 9-ին լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը, ունենալու ենք ազգային միասնություն. Րաֆֆի Հովհաննիսյան

«Դուք չպիտի սպասեք, որ ես Ձեզ համար փրկարար դերակատարում անեմ, ո’չ: Փրկիչների, կուսակցապետերի, կեղծ փրկիչների ժամանակն անցել է, եկել է հայ քաղաքացու ժամը»,-այս մասին Սիսիանում հանրահավաքի ժամանակ  հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

  Վերջինս դիմելով սյունիքցիներին ասաց, որ որևէ մեկը, լինի դա հայ թե օտար թող չփորձվի կանգնել հայ ժողովրդի արդար պայքարի դեմ: «Հայրենիքի ապագան ոչ թե իմ, այլ’ մեր ձեռքին է»,-ասաց նա:

Խոսելով հետագա անելիքների մասին` Րաֆֆին նկատեց, որ ապրիլի 9-ին, երբ նախատեսված է վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, բոլորը պետք է հավաքվեն Ազատության հրապարակում:

«Ես չէի ուզենա, որ ապրիլի 9-ին որևէ մեկը տանը նստած՝ որպես սերիալ հետևի: Մենք այլևս որպես կողքից նայողներ չպետք է մասնակցենք, միասին պետք է կատարենք հայ ժողովրդի պատգամը: Ապրիլի 9-ին լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը, ունենալու ենք ազգային միասնություն»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա հորդորեց ժողովրդին կիսատ չթողնել փետրվարի 18-ի հաթանակը. «Եթե Դուք ինձ հետ եք ու ես Ձեզ հետ, ուրեմն հաղթանակը մինչև վերջ պետք է տանենք, մենք հավաքվելու ենք Ազատության հրապարակում ու հռչակենք նոր Հայաստանի ձևավորման սկիզբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում