«Ամեն սուտ է…»
Նմանատիպ
Ասում են` գինին վշտեր է խեղդում,
Սիրո կորստի ցավը մոռացնում,
Հույսեր է տալիս, նոր իմաստ կյանքին,
Դառնությունն անգամ քաղցր է սրտերին։
Բայց ես, սիրելիս, ամեն մի թասից
Կարծես ավելի եմ տանջվում կարոտից
Ու քո կարոտից տեղերով փոխվում,
Վշտիս փոխարեն ինքս եմ խեղդվում։
Ասում են` կանանց գիրկն աստվածային
Ավելի զորեղ է, քան հեղուկ գինին
Գեթ մի համբույրով կարող է գերել,
Անհույս սրտերում նոր սեր արթնացնել։
Բայց ինձ, սիրելիս, դա էլ չի օգնում,
Ուրիշի գրկում քեզ եմ միշտ տենչում,
Եվ քո պատկերը ամեն ինչ խառնում,
Սիրո վայելքս տանջանք է դարձնում։
Ասում են` աղոթքը դարման է սրտին,
Լոկ Տերն է փրկում, ոչ կինն ու գինին,
Միայն Աստված է վիշտդ ամոքում
Թե մեկին կորցրել ես, նորը պարգևում։
Անհավատ սիրտս հավատով լցվեց,
Հավատով լցվեց ու հիասթափվեց,
Քանզի սիրելիս, Տերն, ամենակարող
Խնդրանքիս առջև դարձավ անկարող։
Եվ չեմ էլ ուզում ոչ գինի, ոչ կին
Տերն էլ է անզոր դեղ տալ իմ սրտին։
Ես քո համբույրն եմ միայն երազում
Ամենը սուտ է, ես քեզ եմ սիրում։
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2005թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում