Եթե ասելիք ուներ ինչու՞ չեկավ ինձ տեսնելու. Սուրիկ Խաչատրյանը` Ր. Հովհաննիսյանի մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսել Կապանում հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս նշել է, որ եթե Հովհաննիսյանը ասելիք ուներ ապա կարող էր գնալ մարզպետարանում իրեն հանդիպել: 

Նա  վստահեցրել է նաև, որ Կապանում «Ժառանգության» առաջնորդի այսօրվա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ ինքը որևէ առնչություն չունի:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը իր վերջին հարցազրույցներից մեկում Հովհաննիսյանի հորը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին մեղադրել էր «հայոց պատմությունը կեղծելու» մեջ և սպառնացել էր ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «եթե իմանա, որ դա ճիշտ է»: Ի պատասխան «Ժառանգության» առաջնորդը ուրբաթ օրվա հանրահավաքում նրան ժամադրեցլ էր Կապանում ժողովրդի առաջ հանդիպման: Մարզպետը, սակայն, հանդիպման չգնաց:

Դիտարկմանը, թե «Դուք բավական կոպիտ էիք արտահայտվել», Խաչատրյանը հակադարձել է. – «Ընդհանրապես խոսքս կեղծարարներին է վերաբերվում, եթե իրենց մեջ այդ կեղծարարությունը չկա, ինչի՞ համար են վատ զգում»:

Կապանում «Ժառանգության» առաջնորդի ելույթի ժամանակ, երբ նա պահանջել էր Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, փոքրաթիվ հավաքի մասնակիցներից մի քանիսը պահանջել էին Հովհաննիսյանից հեռանալ` նրան մեղադրելով պաշտոններ ուզելու և ժողովրդի համար ոչինչ չանելու մեջ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս անձանց որակել էր մարզպետի կողմից ուղարկված «սադրիչներ»` հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանի տեղը քրեակատարողական հիմնարկն է:

«Դե, ուրիշ ի՞նչ ունեն ասելու: Ուրիշ բան չունի, չէ՞, ասելու: Դե, մի բան մարդը պետք է ասեր, էդ ասեց, էլի: Որսորդները մի շատ լավ խոսք ունեն, ասում են` «աղվեսները իրենց մահկանացուն կնքելուց առաջ շատ խիստ զայրացած են լինում, կատաղած»: Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողված է, շատ վաղուց ձախողված է», – ասել է Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ընտրակեղծարար մարզպետների պաշտոնանկության’ «Ժառանգության» առաջնորդի առաջ քաշած պահանջին, Սյունիքի մարզպետը փոխանցել է, որ «լուրջ չի վերաբերում դրան»:

«Ոչ մի ասած լուրջ չի: Մենք ունենք ընտրված նախագահ, և մարզպետների, և կառավարության, և ընդհանրապես էս բոլորի խնդիրը պայմանավորված է մեր երկրի նախագահով: Նախագահը կորոշի` ով կաշխատի, ով` ոչ: Եթե մենք կարդարացնենք մեզ մեր աշխատանքում, ուրեմն կշարունակենք աշխատել, եթե չենք արդարացնի, չենք աշխատի: Րաֆֆիի նման շատ մարդիկ կարող են նման արտահայտություններ անել, հո էդ բոլոր արտահայտություններին տեղիք չենք տալո՞ւ: Նրա ասածների մեջ շատ անլրջություն կա»,- եզրափակել է Սյունիքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում