«Հով եմ արել»
15/06/2017 16:08
Նմանատիպ
Հով եմ արել սրան-նրան,
Հով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են,
Չեմ ճանաչել հուն ու սահման,
Ծով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Բախտն ինձ շատ է խփել քարի,
Բայց այնքան եմ եղել բարի,
Որ նրա հետ այսքան տարի
Խռով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Մեկն իմ աչքի փուշն է հանել,
Մեկն իմ խոսքից մեղր է քամել…
Մեկն էլ անվերջ միսս ծամել,
Համով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ,
Ոչ ոքի հետ ոչ մի անգամ,
Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ
Ով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Համո ՍԱՀՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում