Ալիևը կրկին պոպուլիստական հայտարարություններով է հանդես եկել սեփական ժողովրդի առաջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առիթը բաց չի թողնում սեփական ժողովրդի առաջ խոսել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և պատերազմի վերսկսման մասին: Այս մասին գրում է «ԱՊԱ»-ն: Ելույթ ունենալով նոր թաղամասի բացման արարողությանը Ալիևը նշել է.որ «Ադրբեջանի ամբողջականությունը պետք է վերականգնվի: Նա նշել է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի»:

«Երբ ես ասում եմ, որ վստահ եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ապա հիմք եմ ընդունում այս գործոնները»,-հայտարարել է Ալիևը:

Իր խոսքում Ալիևը նաև նշել է, որ աշխարհում գոյություն ունեն երկակի չափանիշներ, որոնք թույլ չեն տալիս լուծել ղարաբաղյան հարցը:

«Երկակի չափանիշները, հայկական լոբբին և նրա կողմնակիցներն աշխարհում, ինչպես նաև միջնորդների պասիվությունը խնդրի լուծման համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում: Սակայն, չնայած այդ ամենին, մենք էլ ավելի մեծ կամքով կշարունակենք քաղաքական և դիվանագիտական ջանքեր գործադրել: Էլ ավելի կակտիվացնենք մեր գործունեությունը միջազգային կազմակերպություններում: Ավելի լուրջ քայլեր կանենք բանակի կառուցման գործում: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանին պահենք տնտեսական և տարածաշրջանային հարցերում իր ներկայիս մեկուսացված վիճակում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Սա Ադրբեջանի նախագահներին բնորոշ հրապարակային ճառ է, որը նպատակ ունի սեփական ժողովրդի աչքում արդարանալու պատերազմում պարտություն կրելու և ակնկալվող պատերազմում չհաղթելու կարողության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում