«Տաղ անձնական»

«Տաղ անձնական»

Թողած Կարսում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս – մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված – վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար – էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես – հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ – մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ…

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում