Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ԱԳՆ խորհրդակցությանը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:
Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջեւ դրված խնդիրները:
Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին’ Նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, եւ որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարեւորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության եւ նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման եւ հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից եւ լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք եւ բարոյական, եւ իրավաքաղաքական բոլոր հիմքերը:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել նաեւ արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում