ԱԻՆ-ը հնարավորություն կտա չորս հաշմանդամ մարդկանց փորձաշրջան անցնել եւ աշխատանք ստանալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 5-րդ նիստը։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ի տեղեկատվության ծառայությունից, հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 9 քաղաքացու, որոնցից չորսը հարցազրույցի արդյունքներով անցան հաջորդ փուլ, այսինքն հատուկ ուսուցում և փորձաշրջան պետք է անցնեն նախարարությունում:

Ըստ աղբյուրի, ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն’ ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, արդեն 10 հաշմանդամ ներկայումս աշխատում է ԱԻՆ համակարգում, իսկ չորսը’ փորձաշրջան անցնում։

Մոտ ապագայում ԱԻ նախարարությունը նույն գործունեությունը կծավալի նաև ՀՀ այլ բնակավայրերում, քանի որ նախատեսվում է ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծել մարզերում: Դրա շնորհիվ մարզերում ապրող հաշմանդամներն նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու ավելի մեծ հնարավորություն կստանան:

Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին’ սայլակավոր հաշմանդամներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում