«Կդառնամ պատասխան տվողը, ձեր գործած մեղքերի»

Շվարել եմ՝
Խաբուսիկ օրերիս հետ հաշտ,
Կամակոր, ինչպես պաղ կարոտներիս,
Լայնճակատ, ինչպես հրկիզվող օրվա…
Կտաշեմ բառերը, կթողնեմ մորեմերկ,
Որ այլևս ձեզ համար ոչինչ են.
Ու իմ ներսում կրկին կբախվեն
Ողջերն ու մեռելները, ինչպես
Կյանքն ու փրկությունը,
Որ ապրում են հավերժություն,
Կստիպեն գալարվել մտքերիս անդունդում,
Մնալ փայտե խաչ, որ կլինեն խաչվողներ…
Ու կգա մի օր, որ ինձ էլ կտանեն խաչելու
Այն փայտե խաչին, որ սպասում է՝ խաչվողին.
Ու ինձ չես սգա՛…
Առավոտներս, որ ստիպում են ինձ
Գլուխկախ անցնել գործի,
Իմ դժնի օրերում սարսռած
Կմնամ կուչեկած,
Կաղերսեմ, կաղերսեմ, որ հավերժությունը
Ապրի աշխարհում լույսերի վրա,
Մինչդեռ այլևս չեմ ապրում այնպես,
Որ կարոտներս չթանձրանան,
Չխռովեն, չդեգերեն հեռուն տանող ճանապարհներին
Չթողնեն ինձ…
Մինդեռ փախչում է ինձնից լույսը,
Որ փայլփլուն շոր էր հագցրել հոգուս
Ու գցել մեռելների մեջ,
Ու ես չգիտեմ, ես ողջ եմ՝ մեռած…
Չդիպչեք իմ փափուկ երազներին,
Անպաշտպան իմ խոսքով կաղոթեմ,
Ու հոգուս արյունոտ թևերին կուչ առած,
Կգնամ ահեղ բարձունքները
Ձեռքերս վերև պարզած,
Կհամբարձվեմ, ինչպես բազեն,
Կճախրեմ… կթաղեմ գլուխս մայրամուտի՝
Պաղ լազուրի պատմուճանում…
Ու ինչպես մատաղացու
Կդառնամ, կմնամ ձեր խղճին ու ձեր խղճի առաջ
Պատասխան հայցող, ու մեղքերն իմ վրա առած
Կդառնամ պատասխան տվողը, ձեր գործած մեղքերի…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում