Արդյոք ԲՀԿ-ն նո՞ր իմացավ Երևանի հիմնախնդիրների մասին

«Հայոց աշխարհ»-ն անդրադարձել է Երևանի խնդիրների վերաբերյալ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանն ու մասնավորապես գրել. «Միանգամից նշենք, որ 8 կետով ներկայացված «քաղաքային հարցերի» մեջ բնականաբար կան հրատապ խնդիրներ, նաև դրական ու ընդունելի մոտեցումներ։ Օրինակ’ Վարդան Օսկանյանը նշում է. «Հրազդանի կիրճը, որը Երևանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները և կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում»:

Համաձայնեք, սա ավելի շատ նախընտրական ծրագրի թեզ է հիշեցնում։ Բացակայում է, թերևս, «մեր ընտրվելու դեպքում խոստանում ենք» կախարդական ֆրազը։ Ամեն դեպքում, արժե նկատել, որ Հրազդանի կիրճը չի հաջողվի «շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու», որովհետեւ անցած տասնամյակներում այն որքան հնարավոր է՝ «ռեստորանապատվել» է։ Պարզ է, որ նույնիսկ եթե «ռեստորանաթափվի», դրա համար մեծ գումարներ կպահանջվեն, եթե միայն այդ «օբյեկտների» մի մասը չեն պատկանում նաև ԲՀԿ-ականների, որոնք պատրաստ են հանուն կուսակցության գաղափարական մոտեցման զոհաբերել իրենց բիզնեսը։

…Ողջունելի է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ նկատեց, որ հասարակությանը մտահոգում է «քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը»։ Ափսոս միայն, որ Վարդան Օսկանյանին, երբ արտգործնախարար էր ու որոշակի ազդեցություն ուներ ընդունվող որոշումների վրա, այդ հարցերը եթե հուզում էլ էին, ապա դրա մասին ոչ ոք չէր իմանում։ Պարզ ասած, նախկինում չենք նկատել, որ Վարդան Օսկանյանին այս հարցը հուզած լիներ։
Չենք լսել, որ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ գոնե ծպտուն հանած լիներ Երեւանի հին շենքերը քանդելու եւ բետոն-ապակյա «երկնաքեր» արկղեր տնկելու կապակցությամբ։

Մեկ այլ հարց։ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, դատելով մամուլի հրապարակումներից, մտերիմ հարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ գուցե վերջինս մտերմաբար հետաքրքրվի՞, թե՝ «Սամվել ջան, էն «Փակ շուկան» ինչի՞ ես առանց նախագծի քանդում, ի՞նչ ես անում, չէ՞ որ դա հուշարձան է…»։

Գուցե արժե՞ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստանը» 65 տեղանոց ավագանիում 17 մանդատ ունի։ Ավելին՝ 2009 թվականից մինչ օրս կարծես չի նկատվել, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանիում ընդգծված ընդդիմադիր դիրք գրավեր։

«Քաղաքային հարցերին» անդրադառնալուց առաջ թերեւս պատշաճ կլիներ, որ այդ ուժի ներկայացուցիչը նախ որոշակի հաշվետվություն տար հանրությանը, թե անցած 4 տարիներին ինչո՞վ է մայրաքաղաքի իշխանությունում զբաղվել իրենց կուսակցության խմբակցությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում