«Իցի՜վ թե»
Նմանատիպ
Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ:
Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։
Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։
Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ,
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։
Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։
Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝
Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։
Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։
Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․
Պետրոս ԴՈՒՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում