Եվգենիի պատմությունը

Այս պատմության ականատեսներից ոչ մեկն այլևս կենդանի չէ, քանի որ անցել է մեկ դարից ավելի: Այդքան ոչ ոք չի ապրում: Իհարկե լինում են բացառություններ, ինչպես վերջերս Չինաստանում վախճանված 133-ամյա ծերունին: Թեպետ հնարավոր է, որ ծերունին 133 տարեկան էր սոսկ այն պատճառով, որ կորցրել էր տարիների հաշիվը և ինքն էլ ստույգ չգիտեր,թե երբ է ծնվել: Բայց եթե նույնիսկ դա իրականություն է, դժվար նա Չինաստանի բազմամիլիոնանոց խուլ գյուղում տեղյակ լիներ Եվգենիի պատմությանը:

Այնինչ Եվգենին կնյազ էր: Մաքուր ազնվական, պապերից ժառանգած կապույտ արյունով ու սովորույթներով: Նա արտոնյալ էր, ազատված հարկերից ու պատկանում էր ընտրյալների խավին: Թե ո՞վ էր ընտրել այդ ընտրյալներին, որևէ մեկը չի կարող ստույգ ասել, բայց քանի որ ընտրյալների խավը ձևավորվել էր Եվգենիի ծնունդից դեռևս հազարամյակներ առաջ, նա առանց այդ մասին մտածելու հանգիստ խղճով վայելում էր իր ընտրյալի կարգավիճակը: Ի վերջո, Եվգենին մեղավոր չէր, որ ընտրյալ էր, նա պարզապես այդպիսին ծնվել էր:

Եթե ծնվեր ճորտ, ապա գուցե մտածեր, թե ի՞նչու է աշխարհն այդպես անարդարորեն բաժանված: Ի՞նչու են ոմանք ընտրյալներ, իսկ ինքը` ճորտ: Գուցե տարակուսեր, ի՞նչու է իր կարմիր արյունը կարմիր, իսկ մյուսի կարմիր արյունը կապույտ: Սակայն քանի որ ծնվել էր ընտրյալ, ուրեմն մտածելու անհրաժեշտություն չկար: Աշխարհում ամեն ինչ արդար է, քանի որ ամեն ինչ կատարվում է Աստծո կամոք, իսկ Աստծո կամքը չի կարող անարդար լինել: Եթե տգետ ճորտերը մտածում են, որ անարդար է, ապա դա տգիտության արդյունք է, այլ ոչ անարդարության: Համենայն դեպս, այդպես էր հավանաբար մտածում ուսյալ Եվգենին, եթե մտածում էր:

Սակայն Եվգենին ի ծնե գոռոզ մարդ չէր, նույնիսկ շատ ավելի բարի էր, քան կարելի էր պատկերացնել առաջին հայացքից: Սակայն ծնվելով ազնվական և լինելով կնյազ` նա բնականաբար իրեն պետք է պահեր արժանապատիվ հեռավորության վրա այն մարդկանցից, ովքեր, այնուամենայնիվ, մտածում էին, որ աշխարհում շատ անարդար բաներ կան:

Երբեմն մտածում եմ, որ աշխարհում ոչինչ չի փոխվել իր ստեղծման պահից իվեր: Այո, զարգացել է գիտությունը, զարգացել են մարդկային փոխհարաբերությունների ձևերը, արագացել է կյանքի ընթացքը, սակայն խոշոր հաշվով մարդը չի փոխվել: Այժմյան մարդն իր ցանկություններով ու ձգտումներով գրեթե նույնն է մնացել, ինչ քարանձավում ապրող իր նախնիները: Նույն ցավն ու ուրախությունը, նույն կորուստն ու ձեռքբերումները: Վերջապես մեռնողի համար որևէ տարբերություն չկա, մեռավ նետ ու աղեղից, թե՞ հրթիռային համազարկից: Ժամադրության շտապող զույգերի համար տարբերություն չկա, ժամադրության են գնում ձիով, թե՞ ավտոմեքենայով:

Կարծում եմ, մեծ չէ տարբերությունը նաև սիրո վայելքը տեղի է ունենում հինգ աստղանի հյուրանոցում, թե՞ ծառի փչակում: Դրդապատճառը նույնն է, արդյունքը` նույնպես: Վերջապես 3000 տարի առաջ վայելքի հասնելով ծառի փչակում` դժվար զույգերն իրենց դժբախտ զգային, որ չեն գտնվում հյուրանոցի ջակուզիում, քանի որ պատկերացում չունեին դրա գոյության մասին: Մի խոսքով 3000 տարի առաջ մարդիկ ծնվում, սիրում, վայելում, կորցնում, սպանում ու սպանվում էին այնպես, ինչպես հիմա: Հա, մի փոքր այլ եղանակներով, բայց դե…Այո, 3000 տարի առաջ մեռել են մարդիկ, մեկը` գոհ աշխարհի իդեալական արդարությունից, մյուսը` անիծելով իր դժբախտ գոյությունը: Մեռավ Եվգենին` վայելելով կյանքի բոլոր անակնկալները, կմեռնենք նաև մենք…

Ինչևէ, անցնենք Եվգենիին, բայց մինչև անցնելը… Երևանում հաճախ է պատահում, երբ նստում ես տաքսի ու դեռ հասցեն մինչև վերջ չասած, վարորդն անմիջապես սկսում է. Էէէէ ախպեր ջան: Գիտես ես միշտ տաքսի ե՞մ քշել: Ես գիտե՞ս ինչ գործերի էի Ռուսաստանում: Այ էս, էս ու էս բաներն էի անում:

Մենք` որպես կանոն, չենք հավատում նրանց, բայց այդ մարդկանց համար գուցե մեկ է, հավատում ենք մենք, թե` ոչ: Գուցե նա այդ ամենը պատմում է ոչ թե մեր, այլ իր համար: Գուցե նա մենախոսում է, սակայն քո ներկայությունը դրդում է նրան սկսելու այդ մենախոսությունը: Դու գուցե այն հանդիսատեսն ես, որի պարտականությունների մեջ չի մտնում ոչ հավատալը, ոչ էլ չհավատալը: Գուցե դու կոչված ես սոսկ լսելու համար:
Մյուս կողմից ի՞նչու չենք հավատում: Ի՞նչու ենք մտածում, որ մարդն անպայման ստում է: Ի՞նչու ենք վստահ, որ հենց մենք ենք ճշմարտությունն ասում: Ի՞նչու ենք կարծում, որ երեկոյան այդ մարդու պատմությունները տանը ծիծաղելով պատմելիս չենք ստում հենց մենք, քանի որ այդ մարդը ասում էր ճշմարտությունը:

Եվգենին կնյազ էր, նա ծնվել էր արտոնյալ ու ենթադրում էր, որ պետք է մեռնի այդպիսին: Նա վստահ էր, որ իր կապույտ արյունը չի կարմրի: Ֆրանսերեն գիտեր ու դա իրեն բավական էր: Կարևոր չէ, թե ինչ էր ասում ֆրանսերենով, կարևորն ինչ ասում էր, ասում էր հենց ֆրանսերենով:

Այ, ևս մի ապացույց, որ մարդը գրեթե չի փոխվել: Ժամանակին արիստոկրատիայի նշաններից էր այն, որ իրենք գիտեին ֆրանսերեն, ճիշտ այնպես, ինչպե մի ժամանակ մեր սեփական արիստոկրատների համար շփման լեզուն ռուսերենն էր: Ժամանակները անցան, բայց քաղքենիությունը, կներեք, արիստոկրատիայի դրսևորումները մնացին նույնը: Փոխվեց սոսկ լեզուն: Այժմյան գրագիտության չափանիշը անգլերենն է: Հաճախ ենք լսում, շատ խելացի տղա է կամ աղջիկ: Ընտիր անգլերեն գիտի: Ու կրկին կարևոր չէ, թե ինչ է ասում անգլերենով, կարևորը որևէ բան հաստատելուց, մաքուր առոգանությամբ ասի, OK:

Ակամայից մի անեկտոդ հիշեցի: Մեկը գնում է ԱՄՆ ու վերադառնալով, հիացած պատմում իր տպավորությունների մասին: Այ մարդ, չեք պատկերացնի ինչ խելացի ժողովուրդ են ամերիկացիները, բոլորն անգլերեն գիտեն:

Այո, Եվգենին հիրավի կիրթ ու գրագետ մարդ էր, նա ֆրանսերեն գիտեր: Նա ազնվական էր, կնյազ, արտոնյալ: Նա մտածելու ոչինչ չուներ ու նրա կյանքը այդպես էլ պետք է ավարտվեր, եթե չլինեին նրանք, ովքեր մտածում էին, որ համենայն դեպս իրենց կյանքում ինչ որ բան այնպես չէ: Եվ ոմանց սուբյեկտիվ պատկերացումները սեփական կյանքի անարդարացիության վերաբերյալ, հիմնովին փոխեցին Եվգենիի կյանքն ու պատկերացումները:

Հոկտեմբերյան հեղափոխությունը, ստիպեց Եվգենիին բռնել արտագաղթի ճամփեն: Իր ողջ ունեցվածքից փրկելով միայն կյանքը, նա մի կերպ հասավ Ֆրանսիա: Ցավոք այնտեղ իր կապույտ արյունը չէր կարող ոչ միայն ունեցվածքի վերածել, հնարավոր չէր դրանով նույնիսկ ցամաք հաց գնել: Ֆրանսերեն իմանալը նրան որևէ արտոնություն չէր տալիս: Նույնիսկ գրագետ մարդու համբավ չէր ապահովում, քանի որ դժբախտաբար Ֆրանսիայում բոլորը ֆրանսերեն էին խոսում ու եթե նույնիսկ դու մաքուր ֆրանսերենով ծայրից ծայր արտասանեիր Ռոլանդի երգը, դրանով ոչ մեկին չէիր զարմացնի: Ազնվական ծագումը նույնպես ոչ մի դեր չէր խաղում, քանի որ Ֆրանսիան ուներ իր սեփական ազնվականությունը, ի դեպ շատ ավելի հին իր արմատներով ու պատմությամբ:

Տաքսին շատերի համար գրեթե միշտ եղել է ապրուստի հայթայթման վերջին միջոցը: Իհարկե կան վարորդներ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, սակայն շատերն այն անում են ստիպված: Իմ կյանքում նույնպես եղել են բազմաթիվ առիթներ, երբ մտածել եմ տաքսի վարելու մասին: Գոնե գիշերը, գոնե հեռու թաղամասերում, որպեսզի ծանոթ չտեսնի: Իհարկե տաքսի վարելու մեջ ամոթալի բան չկա, բայց եթե ստիպված ես անել մի աշխատանք, որը սրտովդ չէ, նման դեպքերում գերադասում ես այդ մասին քչերն իմանան: Այնինչ ես ազնվական չեմ, կապույտ արյուն չունեմ: Գրագիտությամբ էլ հպարտանալու քիչ տեղ ունեմ, քանի որ անգլերեն չգիտեմ:

Այն ժամանակներում ավտոմեքենան դեռ ամբողջովին չէր օտարել ձիերին որպես փոխադրամիջոց: Դա ավտոմեքենաների արշալույսի ժամանակաշրջանն էր: Եթե Փարիզը կարող էր հպարտանալ ավտոմեքենաների հարաբերական առատությամբ, նույնը չէին կարող անել երկրամասերը: Թեպետ հենց նույն Փարիզում նույնպես շատ էին կառքերը:

Այսպես թե այնպես, Եվգենիին ավտոմեքենայի ղեկին նստել չհաջողվեց: Եվգենին դարձավ կառապան: Նա մտքերի մեջ խորասուզված տեղափոխում էր հաճախորդներին իրենց ուզած վայրը: Երբեմն հանդիպում էր որևէ գինովցած հաճախորդ, ով զրույցի էր բռնվում Եվգենիի հետ: Նման դեպքերում Եվգենին ասում էր, էէէէէէ ախպեր ջան, դու գիտես ես միշտ կառք ե՞մ քշել: Դու գիտե՞ս ես ով եմ եղել Ռուսաստանում ու ինչեր եմ արել: Ես ազնվական էի, կնյազ: Ես հարուստ մարդ էի ու արիստոկրատ, պատկանում էի ընտրյալ խավին: Հետո ստիպված եկա Ֆրանսիա ու հիմա ստիպված կառք եմ քշում:

Նման դեպքերում հավանաբար գինովցած հաճախորդի տրամադրությունն էլ ավելի էր բացվում ու ենթադրաբար թեյավճար մի քիչ ավելի էր թողնում: Հաջորդ օրը, քանի որ այն ժամանակ ֆեյսբուք չկար, որ միանգամից բոլոր ծանոթներին ու շատ ավելի մեծ թվով անծանոթներին պատմեր նախորդ օրվա իր պատկերացմամբ ծիծաղելի դեպքի մասին, բավականանում էր միայն առաջին իսկ հանդիպածներին ասելով, որ երեկ մի կառապանի տեսա, ով ասում էր իբր ինքը…

Այդ ժամանակահատվածում Ֆրանսիայում գնալով ավելացավ այն կառապանների թիվը, ովքեր Ռուսաստանում ազնվական են եղել: Այդ մասին հավանաբար ծիծաղելով խոսում էին ժամանակի բոլոր սալոններում, ճիշտ այնպես, ինչպես հիմա շատերն իրենց պարտքն են համարում ֆեյսբուքում գրել տաքսու վարորդի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասները: Չէ, մարդն այնուամենայնիվ գրեթե չի փոխվել:

Երբեմն ազատ ժամերին, երբ հաճախորդ չէր լինում, Եվգենին նստում էր մի ծառի տակ ու մտածում կյանքի անարդար բաժանման մասին: Մտածում էր այդ ի՞նչ պատահեց, որ իր կապույտ արյունը կարմրեց, իսկ մյուսի կարմիրը՝ կապտեց: Այդ ի՞նչու նա, ով ֆրանսերեն ոչ մի բառ չգիտեր, դասվեց ընտրյալների շարքին, իսկ ինքը, որ ֆրանսերենին տիրապետում էր ինչպես Բալզակը, վերածվեց կառապանի: Այո, ամեն ինչ կատարվում է Աստծո կամոք, բայց արդյո՞ք այն ամենն ինչ կատարվում է, արդար է: Այո, հիմա մտածում էր Եվգենին, հիմա նրան այդ իրավունքը տրված էր: Հիմա դա միակ իրավունքն էր, որից կարող էր առանց սահմանափակումների օգտվել:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում