Ռուսական առաջնությունը ունի Հենրիխ Մխիթարյանի կարիքը. Բիշովեց

Ռուսաստանցի հայտնի մասնագետ Անատոլի Բիշովեցը վստահ է, որ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է օգտակար լինել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներին:

«Ուշադիր հետևում եմ Հենրիխի խաղին և կարող եմ նրա մասին խոսել միայն հիացմունքով: Մխիթարյանը խաղում է այն դիրքում, որի կարիքն ունեն մեր առաջնության բոլոր առաջատարները: Բացի այդ, հայազգի կիսապաշտպանն ունիվերսալ է, կարող է փակել հենակետայինի դիրքը, ավարտել գրոհները, ինչպես նաև կատարել փլեյմեյքերի պարտականություն:
Ինքներդ եք հասկանում, որ մեր առաջնությունում այսպիսի ֆուտբոլիստների թիվը շատ քիչ է: Ինչ վերաբերում է այն ռուսական ակումբին, որին ավելի շատ կհամապատասխանի Հենրիխը, ապա այստեղ պետք է հաշվի առնել նաև ակումբների ֆինանսական հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ֆուտբոլիստի տրանսֆերը», – Բիշովեցի խոսքերը մեջբերում է ուկրաինական Sport Express-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ ուժի մեջ է մինչև 2015թ, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում