Հովհաննես Շիրազ. Կենսագրություն
Նմանատիպ
Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:
Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», « Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..
1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում: 1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար(այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:
1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:
Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է: Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը: Բանաստեղծը մահանում է 1984թ.-ի մարտի 14-ին Երևանում, աճյունը հանգրվանում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:
Բանաստեղծը թողել է գրական հարուստ ժառանգություն`բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ: Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝… մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք (Սովետական կառավարությունը) ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։
1975 թ-ին «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշանով և «Պատվո նշան» շքանշանով:
1996 թ-ին Աստղ Շիրազի անունով: Ռիչարդ Լ. Նեյի կողմից վավերացված փաստաթղթում նշված է. «Փարիզում հիմնադրված Աստղագիտական Միջազգային միության կողմից ճանաչված որպես Կանիս Մաջոր համաստեղության 88-ից մեկը` գրանցված շվեյցարիայում և արտոնագրված ԱՄՆ-ում, ի պահ է տրված Կոնգրեսի գրադարանին»:
2003 թ-ին, սեպտեմբերի 27-ին, իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:
2005 թ-ը նշանավորվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող իր մեծադիր երկու արձանների կերտմամբ Երևանում և Գյումրիում: Արձանների հեղինակը Շիրազի ավագ որդին է, հայտնի քանդակագործ Արա Շիրազը: Միայն ազգային մղումների և պատմության անարդար վճռի ծնունդն է բանաստեղծի «Հայոց Դանթեականը» մեծածավալ պոեմը, որը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակներին:
Մեծ բանաստեղծը իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների: Երկար տարիներ չէին տպագրում իր նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, կամ էլ, եթե տպագրում էին գրքերը կոպիտ խմբագրումներով, կրճատումներով: Մեծ բանաստեղծին` համայն հայության միասնության որդին դարձած բանաստեղծին, այդպես էլ իր կենդանության օրոք երբեք թույլ չտվեցին այցելելու արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ գաղթօջախ…
Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 90-ամյակին է նվիրված կինոբեմադրիչ Լևոն Մկրտչյանի(Հեղինակն է«Մաշտոց»,«Պարույր Սեւակ»,«Գյումրի»,«Ազնավուր»,«Զորավար Անդրանիկ»,«Եւ եղավ լույս»,«Մատյան անկախության»ֆիլմերի) «Հովհաննես Շիրազ» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով,որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է,կինոնկար,ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը: Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը՝1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում