«Հրաշք»
Նմանատիպ
Երազիս մեջ դուռը զարկին,
-Ո՞վ է,- ասի ներսից ես,
Դրսից ինչ-որ պառավ մի կին
Ասաց . «Մատաղ լինեմ քեզ:
Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր»:
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:
Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՞ փոխել կյանքը քեզ:
Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՞ղն է խիղճդ, խիղճդ, որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա…»
Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնվեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:
Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին ժպտաց քնքուշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
-Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «Որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս՝
Տունս կիսատ չթողնես…»
Հովհաննես ՇԻՐԱԶ
Հետևեք մեզ նաև Telegram-ում