Հայ-իրանական դիվանագիտական քննարկումներ ԱԳՆ-ում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրել է, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, և տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան և իրանական լրատվամիջոցների միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում