Բալետի պարողները ստիպված աշխատում են ռեստորաններում, բարերում

«Ինչպես գիտեք’ դեռեւս մեկ շաբաթ էլ չկա, ինչ մենք Մանկավարժական համալսարանից վերադարձել ենք թատրոն։

Հիմա արդեն կարող ենք մեր աշխատանքները լիարժեք ծավալել։ Այժմ մենք պատրաստվում ենք թատրոնի բացմանը, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու ապրիլի 16-ին»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։

Բալետմայստերի խոսքով’ վերջին հինգ ամիսների ընթացքում, երբ իրենք թատրոնում չէին, բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել. «Մանկավարժական համալսարանի դահլիճում շաբաթը հինգ օր 3-ական ժամով էինք պարապում, ինչը շատ քիչ էր։ Պարողներից շատերը չէին գալիս, մեր աշխատավարձերը շատ ցածր էին, չնայած խոսք են տվել, որ պետք է բարձրացնեն։ Այստեղ մի կարեւոր հանգամանք կա’ բալետի արտիստը ութ տարի Պարարվեստի ուսումնարանում մարզվում է, որից հետո գալիս է թատրոն եւ շատ քիչ աշխատավարձ է ստանում։ Նույն ժամանակ «փողոցային», սպորտային կամ մյուս տեսակի պարերն ավելի բարձր են գնահատվում, եւ թատրոնի պարողները ստիպված աշխատում են ռեստորաններում, բարերում, որպեսզի գումար աշխատեն։ Հասկանում ես, որ նրանք էլ պետք է իրենց ընտանիքը պահեն, միեւնույն ժամանակ ափսոսում ես, որ ութ տարի աշխատել են, պոտենցիալ ունեն, բայց ռեստորաններում են աշխատում։ Եթե աշխատավարձերը բարձրացնեն, ես նրանց կպահեմ այստեղ»։

Պարոն Խառատյան 2013 թվականը նոր է սկսվել, նոր ներկայացումներ, շրջագայություններ այս տարի սպասվո՞ւմ են։

Մեկ տարի է՝ մենք թատրոնի բեմը չենք տեսել։ Լիարժեք աշխատելու համար բալետի արտիստը պետք է 6-7 ժամ աշխատի, տարեկան 100-ից ոչ պակաս ելույթներ ունենա, որպեսզի պրոֆեսիոնալիզմը եւ՛ պահպանի, եւ՛ կարողանա դրսի թատրոնների հետ ոտք մեկնել։ Այս պատճառով էլ սկսել ենք ինտենսիվ աշխատել։
Ապրիլի 17-ից ԱՄՆ-ից ժամանակակից բալետային խումբ է գալիս։ Իմ նախկին աշակերտներից մեկը, ով երկու ոսկե մեդալակիր է, ժամանակակից բալետային խումբ ունի, որի հետ միասին՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ներկայացումներ կխաղանք։ Այս տարի, ինչպես գիտենք, Արամ Խաչատրյանի 110-ամյակն է, մենք հետաքրքիր գործեր ենք ձեռնարկելու։ Մեկ ամիս առաջ Վիեննայի բալետային խումբը ներկայացրեց Վիեննայի տարեկան պարահանդեսը, որի ընթացքում ներկայացվեց Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից մի հատված, որը բեմադրել է Վիեննայի բալետմայստերներից Ալբերտ Միրզոյանը, ով իմ նախկին աշակերտներից է։ Ուզում եմ, որ նա եւս գա եւ այդ հատվածը բեմադրի։ Սեպտեմբերին հյուրախաղեր ունենք, գնալու ենք Ստրասբուրգ։ Ունենք նաեւ փոքրիկ նախագծեր (Գերմանիայում, Ֆրեզնոյում), որոնց մասին հետագայում կխոսենք։ Շատ գործեր ունենք, միեւնույն ժամանակ՝ բալետը մաքրվելու, զտվելու ճանապարհ է անցնում։

Թատրոնի խաղացանկը նոր ներկայացումներով մշտապես համալրվելու կարիք ունի, այնպես չէ՞։

Այո, շատ-շատ։ Խաղացանկն է մեր դեմքը ցույց տալիս։ Ամեն տարի Մշակույթի նախարարությանը ներկայացնում եմ մեր հետագա քայլերը, որտեղ գրվում է, թե որ ներկայացումները պետք է բեմադրվեն, եւ որ բալետմայստերները պետք է հրավիրվեն։ Խնդիրն այն է, որ ներդրումներ չեն կատարվում։ Ստացվում է այնպես, որ բոլոր ներկայացումները ես եմ բեմադրում, իսկ դա շատ միակողմանի է դառնում. մի ձեռագիր չի կարող լինել։ Պետք է ռեալ ներդրումներ կատարվեն, որ ես կարողանամ դրսի բալետմայստերներին բերել այստեղ, որպեսզի հասնենք նրանց մակարդակին, այնուհետեւ զարգացնենք մերը եւ դուրս գնանք»»,- մեջբերում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում