«Ծով ձգել կուզեր ձկնորսն իր շանը»
Նմանատիպ
Ծով ձգել կուզեր ձկնորսն իր շանը,
Տես դու ապերախտ աշխարհի բանը,
-Շատ է զառամել` ինձ պետք չի գալու`
Գող ու գայլի հոտ էլ չի զգալու,
իր քթի տակ էլ`
Շան օրն է ընկել,
Էլ տուն չի պահում, ու մարդ անբանը
Նավակից դեպի ծովն հրեց շանը,
Թշնամու նման
Ծովն հրեց նրան`
Իր հավատարմին,
Իր հին մտերմին:
Ապշեց մի վայրկյան դողահար շունը,
Նա, որ տարիներ պահում էր տունը,
Հսկում էր քունը տիրոջ ապիկար,
Գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար,
Ձմռան գիշերն էլ` հազար գայլով լի,
Բայց օր ծերության… հանդիպեց գայլի:
Սկսվեց մի խոլ գոտեմարտ լռին,
Բայց կարծես, Աստված ուժ տվեց գամփռին:
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում` կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց…
Բայց, երբ որ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց,
Ծռվեց նավակը, շուռ եկավ, թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես` ինչ տեսավ`
Շունը խեղդվող տիրոջը հասավ,
Բերանով իսկույն բռնելով մարդուն,
Լողալով նրան դուրս բերեց ծովից,
և ինքը մեռավ իր սրտի… ցավից:
-Երնեկ կրծքի տակ մարդկության այս բիրտ,
Բաբախեր այսքան շնամեծ մի սիրտ:
Հովհաննես ՇԻՐԱԶ
Հետևեք մեզ նաև Telegram-ում