Համահայկական բնապահպանական ճակատը կարծիք է հայտնում «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ

Համահայկական բնապահպանական ճակատը իր կարծքին է ուղարկել ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է.

«ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին

Կարծիք «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ

2013թ. մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցան «Մարցէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային լսումները (դիտեք տեսանյութը. http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g): Այս լսումների ընթացքում պարզվեց, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լիպարիտ Սիմոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիր:

Սա ուշագրավ է նրանով, որ «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն արդեն շահագործում է թվով երեք փոքր ՀԷԿ-եր, որոնցից մեկը՝ «Չիչխան» փոքր ՀԷԿ-ն է, որի շահագործման վերաբերյալ ՀՀ բնապահպանական տեսչությունը, մեր տեսանյութի (https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YlCaipxld-c) հիման վրա, 2012թ. անցկացրել է ստուգում և որոշել «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Սույն որոշմամբ «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Սիմոնյանին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, սահմանվել ողջամիտ ժամկետ առկա բոլոր թերությունների և բնապահպանական ոլորտի խախտումները վերացնելու համար:

Այժմ, այս օրինախախտ գործարարը նախատեսում է փոքր ՀԷԿ կառուցել Մարց գետի վրա՝ մոռանալով Չիչխան գետն իր կողմից չորացնելու և դրա համար վարչական պատասխանատվության ենթարկվելու փաստի մասին: Հանրային լսումների ժամանակ էլ Մարց համայնքի բնակիչներին հորդորում է, որ իրեն չհամեմատեն ուրիշ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի հետ, ովքեր ջրազրկում են գետերը, և որ ինքը շատ պարտաճանաչ տնտեսվարող սուբյեկտ է: Ըստ մեր ունեցած տվյալների, որոնք մեր հետ հեռախոսազրույցում հասատեց նաև Մարց համայնքի գյուղապետը, Լ. Սիմոնյանը կազմել է լսումների մասին արձանագրություն, որի տակ ստորագրել են գյուղապետը, ով ի դեպ չի հիշում թե ինչ էր գրված այդ արձանագրության մեջ, և գյուղի մի քանի բնակիչ: Իսկ լսումներին ներկա գտնված և դեմ արտահայտված բնակիչները ընդհանրապես տեղյակ չեն այդ արձանագրությունից:

Մեր հանրության իրավագիտակցությունն այնքան է բարձրացել, որ ցանկացած հանրային լսումների ժամանակ կարող են հիմնավորել իրենց դեմ կամ կողմ լինելը և տեր կանգնել իրենց իրավունքներին: Սույն հանրային լսումների ժամանակ ներկա գտնվող բնակիչները դեմ արտահայտվեցին սույն փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ նախագծին և ոչ ոք իրավունք չունի կեղծելու այդ փաստը: Այս փաստերը՝ ստորև ներկայացված մեր դիտարկումների հետ միասին, լիովին հիմք կարող են հանդիսանալ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որոշում կայացնելու’ բնապահպանական փորձաքննություն չիրականացման և նախագիծն ընկերությանը վերադարձնելու մասին:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը, ներկայացնում ենք մեր դիտարկումները ՀՀ բնապահապանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, որոնք փաստում են դրանց մեջ եղած բազմաթիվ թերությունները և ՇՄԱՓ օրենքի պահանջներին համապատասխան փորձաքննություն ացկացնելու անհնարինությունն ու անթույլատրելիությունը.

1. Հատոր 1-ի 10-րդ էջում նշված է՝ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ ՓՀԷԿ-ի շենքի, ջրընդունիչի և դերիվացիոն խողովակաշարի տարածքում ծառեր և թփուտներ չկան»: Սակայն միևնույն ժամանակ Հատոր 5-ի 17-րդ էջում նշված են լրիվ այլ տվյալներ՝ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի համար նախատեսվող տարածքի բնական բուսածածկի տիպը անտառային է»:

2. Հատոր 1-ի 15-րդ էջում նշված է՝ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման աշխարհագրական տարածքը, Թալինի ջրանցքի երկրորդ հերթի թողունակությունը և առկա ազատ հոսքը, տեղանքի բնական թեքությունը, մոտակայքում գոյություն ունեցող ավտոճանապարհները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ՓՀԷԿ-ի կառուցման համար»: Պարզվում է որ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Թալինի ջրանցքի վրա, այլ ոչ թե Մարց գետի: Այս փաստը մեզ իրավունք է տալիս արձանագրելու, որ նշյալ նախագիծն արտագրված է այլ նախագծից և փաստացի տեղադիրքի ու այլ ուսումնասիրություններ ըստ էության և առհասարակ չեն կատարվել:

3. Հատոր 1-ի 12-րդ էջում նշված է, որ դրվածքային հզորությունը կազմում է 1.6 մՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է 5.565 մլն. կՎտ/ժամ, իսկ Հատոր 5-ի 22 էջում՝ լրիվ այլ տվյալներ են նշված’ 1.89 մՎտ և 8.59 մլն. կՎտ/ժամ: Չեն համապատասխանում նաև շինարարության ժամկետների տվյալները (12 ամիս և 36 ամիս):

4. Հատոր 5-ում նշված է, որ այդ տարածքում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր[1] և կենդանիներ[2], սակայն ըստ էության գնահատված չէ դրանց վրա ազդեցությունը, այլ նշված են միայն ընդհանուր տեղեկություններ:

5. Նախագծում նկարագրված չէ նաև լանդշաֆտի և երկրաձևաբանական կառույցների վրա հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցությունը’ մասնավորապես մոտ 5 կմ երկարությամբ ճնշումնային խողովակաշարի ացկացման ժամանակ, որի ուղեգիծը պետք է լինի մանրամասն քարտեզագրված և նկարագրված:

6. Նախագծով նախատեսվում է Մարց գետում թողնել 0,1 խոր.մ/վրկ սանիտարական թողք, սակայն գնահատված չէ էկոհամակարգային ծառայությունների արժեքը՝ համաձայն Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում գործող նոր մոտեցման: Պարզ չէ, թե այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա Մարց գետի ձկնային ռեսուրսների և էկոհամակարգի հետ, ո՞վ և ի՞նչ չափորոշիչներով պետք է հաշվարկի և փոխհատուցի հասցվող երկարաժամկետ վնասը: Այս մասին խոսք անգամ չկա նախագծում:

7. Բացի այդ նախագծում նկարագրված չէ բնակչության բարեկեցության վրա ազդեցությունը, որը չի կարող դրական լինել, հաշվի առնելով միայն այն փաստը, որ տեղի բնակիչները փաստացի զրկվելու են ոռոգման ջրից և գետի էկոհամակարգային այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունից

8. Նախագծում բացակայում են այլընտրանքային լուծումները, այդ թվում’ զրոյական գործողության այլընտրանք (նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն և առավել ընդունելի տարբերակի ընտրություն:

9. Բացակայում է նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական և սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքների մանրակրկիտ գնահատումը:

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում