«Թագադրում»
07/07/2017 18:17
Նմանատիպ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ի՛նձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկո՛ւմն է ձնծաղիկների՝
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների՝
Նրանց հետ ետ գամ՝ գարունը բերեմ, –
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, –
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադըրեմ,
ԵՎ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Հովհաննես ՇԻՐԱԶ
Հետևեք մեզ նաև Telegram-ում