«Ակոս»-ի գլխավոր խմբագրին ցանկանում են լռեցնել՝ դատելու միջոցով

Ստամբուլի հանրապետական դատախազությունը դատական գործ է հարուցել հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և գրող, ռեժիսոր Ումիթ Քըրվանչի դեմ: «Ակոս» պարբերականը դատական գործ հարուցելու պատճառ է դարձել Անթալիայում բնակվող Այդըն Թաշչըի բողոքն այն բանից հետո, որ Քոփթաշը և Քըրվանչը թուրքական Haber Turk TV հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, խոսելով Հրանտ Դինքի դատավարության մասին, պետությանը «մարդասպան» են անվանել: Թաշչըն մեղադրել է նրանց «Թուրքիայի Հանրապետությանը և երկրի դատախազությանը նվաստացնելու» մեջ: Ստամբուլի գլխավոր դատախազ Ֆիքրեթ Սեչենը դիմումի համաձայն գործին ընթացք է տվել: Դատախազությունն արդեն պահանջել է Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհրդից հաղորդման տեսաձայնագրությունը, որի ուսումնասիրման համար ստեղծվել է հանձնաժողով: Քոփթաշը և Քըրվանչը արդեն կանչվել են ցուցմունք տալու: Հայտնի է, որ առաջիկա օրերին նրանք կգնան դատախազություն:
Անդրադառնալով հետաքննությանը’ «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ իրենք այս դատական գործին լրջությամբ չեն վերաբերվում: Նա ընդգծել է, որ Դինքի դատավարության անկատարության և իրական հանցագործներին մինչ օրս չհայտնաբերելու վերաբերյալ բազմիցս խոսել են անգամ թուրքական դատախազության աշխատակիցները, հետևաբար Քոփթաշի և Քըրվանչի արած հայտարարության մեջ դատապարտելի ոչինչ չկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում