Ապրիլի 9-ին ինձնից որևէ բան չսպասեք. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ով կեղծեց երդումը Ավետարանի, Սահմանադրության վրա, մեղավորը ես եմ, սուրբը Դուք եղեք Սերժ Սարգսյան, եթե դրեցիք Ձեր ձեռքը մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ գնալու եք դժոխք»,- Վանաձորում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ ապրիլի 9-ին Հայաստանը չի ունենա նախագահ:

«Ինձ նախագահություն պետք չէ, ոչ էլ, Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից լինելու նախագահ»,-ասաց նա:

Նախկին թեկնածուն վանաձորցիներին ևս կոչ արեց ապրիլի 9-ին գալ Ազատության հրապարակ. «Ես թաքուն, միայնակ չեմ երդվելու, կամ բոլորս միասին ենք երդվելու’ Արցախ, Սփյուռք, Հայաստան, կամ ոչ մեկ: Մեր վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք»:

Հովհաննիսյանը թվարկեց մի շարք կուսակցությունների և նրանց առաջնորդների անունները’ կոչ անելով, որ նրանք նույնպես ապրիլի 9-ին լինեն Ազատության հրապարակում. «Կուսակցակռիվը, էժան խաղերն անցել են արդեն: Ժողովուրդը որոշել է: Պարոն Ծառուկյան, կամ մյուսներ, եթե Ձեզ համար թագավոր է Սերժը, ինձ համար թագավոր է օրենքը, Հայաստանի Հանրապետությունը և մեր երեխաների ապագան»:

Եզրափակելով խոսքը’ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ապրիլի 9-ին Րաֆֆուց որևէ բան չսպասեք, ամեն բան մեր ձեռքում է, մեր բռունցքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում