Պետպատվերը պետք է նպաստի բուհական կադրերի պատրաստմանը

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոխել է ՀՀ կրթական ծրագրերի արտոնագրման կարգերը’ համայնքային ոչ առևտրային նախադպրոցական կազմակերպություններին լրացուցիչ ժամանակ տրամադրելով ապահովելու արտոնագրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2013/2014 թթ. ուսումնական տարվա’ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013/2014 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։

Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել, վարչապետը տվյալ հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով’ պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։

Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք’ ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։ Շահագրգիռ քննարկմանը մասնակցել և վարչապետի հարցերին են պատասխանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Գերակշռել է ոլորտում հավասարակշռված քաղաքականություն վարելու դիրքորոշումը։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում