ԱՆ-ը հորդորում է զգուշանալ. հանրապետությունում երեք հոգի մահացել է բոտուլիզմից

2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք’ 34 տուժածով, որից 3-ը’ մահվան ելքով: Սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունից հիշեցնում են նաև, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում’ հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հիվանդության հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում’ ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դրանք հնարավոր չէ ապահովել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Հիվանդության ախտանշաններն են’ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Բոտուլիզմից զերծ մնալու նպատակով ԱՆ-ը հորդորում է.

• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման’ պահածոյի
պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում