Վազգեն Խաչիկյանը պնդում է իր անմեղությունը (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման ժամանակ կենսաթոշակների խոշոր չափերի յուրացման առնչությամբ գործով դատական նիստն այսօր շարունակվեց Աջափնյակի և Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ։
Մեղադրող կողմը դատարանում ներկայացրեց Վազգեն Խաչիկյանի մեղադրանքի բովանդակությունը, որը նախորդ նիստում Խաչիկյանի համար հիմնավոր չէր եղել և պնդեց, որ հափշտակությունը կատարվել է կազմակերպված խմբով՝ Խաչիկյանի գլխավորությամբ, ով իր պաշտոնական դիրքն է չարաշահել։

Վազգեն Խաչիկյանին մեղադրանքի այն մասը, թե ինքը տեղյակ է եղել հափշտակությունից և կազմակերպել է այն, այդպես էլ հասկանալի չէր, այդ իսկ պատճառով դատարանը խնդրեց մեղադրող կողմին հաջորդ դատական նիստին հստակեցնել մեղադրանքի այդ մասը։ Իսկ հարցին, թե ընդունո՞ւմ է առաջադրված երեք հոդվածներով մեղադրանքը,Խաչիկյանը պատասխանեց, որ ոչ. «Ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ հիմա եմ պնդում, որ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց նա։

Մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքները ներկայացրեց նաև ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին, ում համար մեղադրանքը պարզ և հասկանալի էր, բայց կրկնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին 314 հոդվածով առաջադրված մեղադրանքի էությունը հասկանալի չէր։

«Այնտեղ չկան գործողություններ նշված, որը հաշվի առնելով պաշտպանական կողմը ներկայացնի իր պաշտպանության մարտավարությունը։ Ես կարծում եմ մեղադրանքը չի կարող համարվել օրինական, որովհետև անորոշ է չգիտենք ինչից պաշտպանվենք»,- ասաց ամբաստանյալի փաստաբանը։ Իսկ Հովհաննես Գրիգորյանն էլ նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի մի մասի էությունը չի ընկալում, իսկ մյուս մասով իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:

Ըստ մեղադրանքի’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում