Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հիանալի արդյունքով է վերադառնում Հայաստան (տեսանյութ)

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ԲԱՏԷ-ին: Տարբեր ընթացք ունեցող խաղակեսերով խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Առաջին կեսում բորիսովցիների առավելությունն ահռելի էր: Արսեն Բեգլարյանի դարպասի մոտ ստեղծված բազմաթիվ գոլային պահերից միայն մեկն ավարտվեց դարպասի գրավումով․ 43-րդ րոպեին ձախ եզրից Իգոր Ստասևիչի բարձրից փոխանցումից հետո Ալեքսեյ Ռիոսը գլխի հարվածով գոլ խփեց:
Երկրորդ կեսում Աբրահամ Խաշմանյանի թիմն ավելի համարձակ սկսեց գործել և առավելությամբ խաղալ: 59-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանն աջ եզրում պայքարեց մինչև վերջ, փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահ Դենիս Շչեբիցկիի կոպիտ սխալից հետո գնդակն անդրադարձավ նույն Ռիոսից ու հայտնվեց բելառուսների դարպասում:
Հետագա ժամանակահատվածում ԲԱՏԷ-ն փորձեց հետ բերել կորցրածը, սակայն երևանցիները լավ պաշտպանվեցին:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում