Yerevan
16
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայերի մոտ շիզոֆրենիային նպաստող գենետիկական գործոնների բացահայտումը հիվանդության դեմ պայքարն արդյունավետ կդարձնի

Հայերի մոտ շիզոֆրենիային նպաստող գենետիկական գործոնների բացահայտումը հիվանդության դեմ պայքարն արդյունավետ կդարձնի

Հայերի համար գենետիկական թեստը` հեռահար նպատակ

Աշխարհի բնակչության մեկ տոկոսի կյանքի բնականոն ռիթմը խաթարած շիզոֆրենիան կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանի ուսումնասիրության առանցքում է արդեն 9 տարի: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայում «հավաքագրվող» գենետիկական տարբեր առանձնահատկություններ ունեցող արյան նմուշների հետազոտությունները Ռոքսանային ու գործընկերներին քայլ առ քայլ մոտեցնում են կարևորագույն նպատակին. մշակել գենետիկական թեստ, որը հնարավորություն կտա ԴՆԹ անալիզի օգնությամբ պարզել` մարդն ունի՞, արդյոք, շիզոֆրենիայով հիվանդանալու նախատրամադրվածություն, թե՞ ոչ: «Հիմնական խնդիրն այն է, որ դեռ հայտնաբերված չեն այնպիսի կենսաբանական թեստեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հիվանդությունը նախապես հայտնաբերել, այսինքն` ախտորոշումը կատարվում է շատ ուշ, երբ հիվանդությունն արդեն քրոնիկ բնույթ է կրում: Հասկանալի է, որ այդ դեպքում և´ բուժումն է դժվարանում, և´ ընթացքն է դառնում անցանկալի ու բարդ»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:

Հայերի մոտ գենետիկական ռիսկի գործոնների բացահայտման ուղղությամբ ինստիտուտում արդեն իսկ զգալի աշխատանք է արվել. ուսումնասիրվել է շուրջ 50 գենային մուտացիաներ, որից առանձնացվել է խիստ ռիսկային 23-ը, որոնց առկայությունը մարդու ԴՆԹ-ում բարձրացնում է շիզոֆրենիայով հիվանդանալու հավանականությունը: Հետազոտությունների ընթացքում, թերևս, ամենահետաքրքրական բացահայտումը, որը նշում է երիտասարդ գիտաշխատողը, արական և իգական սեռերի մոտ նկատվող առանձնահատկությունն է. «Եթե տղամարդկանց մոտ որոշակի գենետիկական գործոնների համակցությունը բարձրացնում է շիզոֆրենիայով հիվանդանալու ռիսկը, ապա կանանց մոտ ազդող գենետիկական գործոններն այլ են: Նշեմ, որ հիվանդության ռիսկը բարձրացնող մեր հայտնաբերած գենետիկական գործոնները տեղայկայված են իմունային համակարգի, նյարդային զարգացման և ապոպտոզի կարգավորիչներ կոդավորող գեներում»:

Շիզոֆրենիայի ոչ գենետիկական պատճառները

Համապատասխան գենետիկական գործոնների ուսումնասիրությունը հոգեկան այդ ծանր հիվանդության կանխագելման համար կարևոր, բայց բավարար պայման չէ: Ռոքսանայի խոսքով` այստեղ էական դերակատում ունի նաև սոցիալական ադապտացիան: Շիզոֆրենիայի նախատրամադրվածություն ունեցող անձի մոտ հիվանդությունը կարող է չդրսևորվել, եթե չլինեն դրան նպաստող արտաքին ազդեցություններ: Երիտասարդ գիտաշխատողը վստահեցնում է` դեղորայքային բուժումից պակաս կարևոր չէ շրջապատի բարյացակամ վերաբերմունքը. համապատասխան պայմանների ստեղծումն ու հասարակությանն ինտեգրվելը կարող են դրական տեղաշարժ ապահովել:

Ըստ նախորդ տարվա պաշտոնական տվյալի` Հայաստանում շիզոֆրենիայով տառապում է 12 հազար մարդ, բայց Ռոքսանան վստահ է, որ նրանց իրական թիվը հրապարակվածից հինգ անգամ ավել է. դա վկայում է միջազգային փորձը: Իրական ու պաշտոնական տվյալների անհամապատասխանության պատճառն ավելի խորքային է և, ըստ այդմ, վերացնելը` բարդ. հիվանդը մեծ մասամբ դեպքերում չի ընդունում, որ հիվանդ է և հրաժարվում է բժշկի դիմել, արդյունքում հիվանդությունն ավելի է խորանում ու բարդացնում բուժումը:

Ամբողջ աշխարհում մեծ թափ ստացած ֆարմակոգենետիկական հետազոտությունները մասնագետներին հնարավորություն են տալիս հասկանալ, թե որ դեղը ինչ չափաբաժնով արդյունավետ կլինի տվյալ հիվանդի համար: Սակայն ակնկալել 100 տոկոս արդյունավետություն, անիմաստ է, քանի որ շիզոֆրենիան հոգեկան այն ծանր հիվանդություններից է, որի լիակատար բուժումը դեռևս երազանք է: ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում այս կարգի հիվանդների հանդեպ անհատական մոտեցումը երիտասարդ կենսաբանը համարում է ամենաճիշտ ու արդյունավետ եղանակը: Հայաստանում այդ պրակտիկան ներդնելը նույնքան կարևոր ու արդիական է, ինչպես ամբողջ աշխարհում. «Մենք հայտնաբերել ենք, որ անգամ առողջ հայի ԴՆԹ-ի կառուցվածքում կան այնպիսի մուտացիաներ` փոփոխություններ, որոնք կապված են որոշակի դեղերի ազդեցության հետ: Ըստ այդմ` բուժում նշանակելուց առաջ պետք է պարզել` տվյալ դեղը համապատասխանո՞ւմ է հիվանդին, թե՞ ոչ, քանի որ մեկի դեպքում նույն դեղամիջոցը կարող է դրական արդյունք ունենալ, մյուսի դեպքում` բացասական:

Տեսությունից կիրառություն` փոքր քայլերով

Անձի մոտ շիզոֆրենիան բնորոշվում է վարքաբանական ու ճանաչողական գործառույթների խաթարմամբ, բայց այս հիվանդության ախտանիշները, օրինակ` տեսողական և լսողական հալյուցինացիաներ, ագրեսիվ վարք և այլն, կարող են նաև այլ հոգեկան հիվանդությունների նախանշաններ լինել:

Հիվանդի մոտ հոգեկան տարբեր հիվանդություններին բնորոշ նախանշանները երբեմն մոլորության մեջ են գցում մասնագետներին, բայց համապատասխան գենետիկական ուսումնասիրությունները կօգնեն առանց դժվարության տարբերակել մեկը մյուսից: Ուղղակի Հայաստանում անհրաժեշտ մակարդակի հասնելու համար, Ռոքսանայի խոսքով, դեռ շատ ժամանակ ու ռեսուրսներ կպահանջվեն. «Հայկական պոպուլիացիան դեռևս ուսումնասիրված չէ, առաջինը մենք ենք սկսել զբաղվել դրանով: Իսկ այլ ժողովուրդների համար ստացված թեստերը հայտնի չէ, թե որքանով են կիրառելի հայերի համար, օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում դրանք չեն համընկնում, մեզ մոտ այլ գենետիկական տվյալներ են: Այսինքն` արտասահմանյան թեստերով առաջնորդվելու դեպքում ճիշտ արդյունք չենք ստանա»:

Գենետիկական ռիսկային գործոնների ամբողջական պատկերը ստանալու և, առավելևս, դրանք բժշկության մեջ կիրառելու համար, դեռ երկարատև աշխատանք կպահանջվի, քանի որ գիտական մակարդակից կիրառական անցումը կարող է երբեմն տասնամյակներ տևել: Բայց այն, որ մինչև հիմա ստացված արդյունքները մասնագետները պատրաստվում են մոտ ժամանակներս ներկայացնել համապատասխան օղակների, փաստում է հստակ քայլերով դեպի նպատակակետ շարժվելու մասին:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում