Իրանը պատրաստ է աջակցել արցախյան հարցի կարգավորմանը

Այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ողջ հնարավորությունները գործադրել ԼՂ հակամարտության լուծմանն աջակցելու գործում: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը` հղում անելով իրանական «ՄԵՀՐ» լրատվական կայքին: 

Անդրադառնալով իրանական Ազարբայջանը Ադրբեջանին միացնելու Բաքվից հնչող պնդումներին` խոսնակը մասնավորապես ասել է. «Այն երկները, որոնք նման անհիմն պնդումներ են ներկայացնում, պարզվում է, որ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրեն, ապա պարզ կդառնա, թե որ շրջանը, որ երկրին է պատկանում: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի նմանատիպ հրահրվող գործողությունները կանխվեն»:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին, իրանցի պաշտոնյան ասել է. «Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցի առնչությամբ մենք բանակցություններ ունեցել ենք: Եթե հակամարտող կողմերը ցանկություն հայտնեն, որ Իրանը լուրջ դեր ունենա հակամարտության կարգավորման գործում, ապա այդ հարցում մենք մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք»:

Հիշեցնենք, որ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ և սփյուռքի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում