Եղվարդում տեղի ունեցավ Սուրբ Սարգիս նորակառույց եկեղեցու օծման արարողությունը

Նմանատիպ
Եղվարդ քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցավ Սուրբ Սարգիս նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի կողմից կատարվեց նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, որից հետո մատուցվեց անդրանիկ պատարագը: Եկեղեցին կառուցվել է Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հովանու ներքո:
Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանի խոսքով՝ եկեղեցին անհրաժեշտություն էր համայնքի համար, որովհետև Եղվարդ քաղաքում գտնվող 14 դարի կառուցված եկեղեցի-մատուռն իր չափերով բավական փոքր էր և չէր կարող բավարարել քաղաքի և տարածաշրջանի հոգևոր կարիքները:
«Այս եկեղեցին համալրեց հոգևոր կառույցների շարքը տարածաշրջանում և վստահ եմ, որ պետք է խթանիչ ուժ հանդիսանա տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու քարոզչության տարածմանը: Ժողովուրդը պետք է ավելի կապված լինի Հայ առաքելական եկեղեցուն՝ շնորհիվ այս եկեղեցու մատուցված արարողությունների, ինչպես նաև եկեղեցուն կից գտնվող կիրակնօրյա դպրոցի, որտեղ հաճախող երեխաները հոգևոր կրթությունը, զարգացվածությունը կստանան այս կառույցում»,- ընդգծեց Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Նա նշեց, որ շինարարությունը տևել է վեց տարի, հիմքը հանդիսացել է եկեղեցում կից գտնվող Սուրբ Սարգիս մատուռը:
«Այն բավականին հին մատուռ է՝ իր պատմությամբ: Ինչպես տեղացիներն են պատմում, նախկինում քաղաքի մուտքը եղել է մատուռի հարևանությամբ և քաղաք տանող առաջին շինությունն է եղել: Այս է պատճառը, որ եկեղեցին այստեղ է կառուցվել»,-նշեց նա:
Եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը ասաց, որ եկեղեցին ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք և պահպանվել են հայ ճարտարապետական բոլոր էլեմենտները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում