Զոհրաբ Զոհրաբյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Մոտ երկու ժամ առաջ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային։

Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ.։

Զոհրաբ Զոհրաբյանի ընկերը 168.am-ին ասաց, որ վարորդը հիվանդանոցում գիտակցության է եկել, սակայն Զոհրաբ Զոհրաբյանը դեռևս անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ նա մարտի սկզբին էր անդամագրվել ԲՀԿ-ին (նախկինում ՀՀԿ անդամ էր)։

Հիվանդանոցից տեղեկացնում են, որ ԱԺ նախկին պատգամավորի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհրաբյանի ընկերները դեպքի մասին տեղյակ են պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Նրանք նաև նշում են, որ հիվանդանոցում չկան ոչ ոստիկանության աշխատակիցներ, ոչ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում