Ամենաշատ բողոքները հարկայինից, դատարաններից ու ԲՍՓ-ից են

Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանը, խոսելով Երեւան քաղաքում կոռուպցիայի վիճակի ու իրականացվող միջոցառումների մասին, նշեց, որ 2012 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2013 թվականի փոտրվար ամիս ընկած ժամանակահատվածում իրենց կենտրոն է դիմել 643 քաղաքացի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

««Ստացված բողոքներից 107-ը դիտարկվել է որպես կոռուպցիոն, դատարան են դիմել 10 քաղաքացիներ, իրավապահ մարմիններին ենք հասցեագրել 13 գործ: Հիմնական բողոքները վերաբերվում են սոցիալական ապահովության ոլորտին՝ կենսաթոշակներին, բժշկասոցիալական փորձաքննություններին: Շատ են դժգոհությունները քննիչներից, որոնք խախտում են դատավարական ժամկետները, իրավունքները: Նաեւ դժգոհություններ ունենք դատարաններից»,-նշեց Մ.Ատովմյանը ու հավելեց, որ հակակոռուպցիոն կետրոն դիմած քաղաքացիները նաեւ բողոքում են հարկային մարմինների աշխատանքից:

Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանի խոսքերով, մարզերում ու հատկապես փոքր համայնքներում քաղաքացի-պաշտոնատար անձ հարաբերություններում դեռեւս գործում են ծանոթ-բարեկամի մոտեցումները: Ըստ նրա՝ անցած տարվա օգոստոս ամսից մինչեւ այս տարվա փետրվար ամիս իրենց կենտրոն է ստացվել 260 դիմում, որոնցից միայն 28-ն է դիտարկվել որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող: Վահագն Թամրազյանի համոզմամբ, կոռուպցիոն երեւույթները շատ են արմատացել հասարակության մեջ, եւ քաղաքացիները նման իրավիճակում դժվար են կողմնորոշվում:

«Դեպքեր են եղել, երբ քաղաքացին եկել է մեզ մոտ, ասել է՝ էս գործն արա, քո լավության տակից դուրս կգամ»,- փաստում է կենտրոնի համակարգողը»,- գրում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում